Al Habtoor Group-ի տնօրենների խորհրդի նախագահ, ԱՄԷ միլիարդատեր Խալաֆ Ալ-Հաբթուրը հայտնել է, որ Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի երկրները, ինչպես նաեւ նրանց ժողովուրդները, մեծ տերությունների միջեւ հաշիվների մաքրման ասպարեզ չեն, փոխանցել է Khaleej Times-ը։

Նա բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում կասկածի տակ է դրել Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի երկրներն Իրանի հետ շարունակվող ռազմական հակամարտության մեջ ներքաշելու նրա իրավունքը։


«Ալ Հաբթուր» խմբի հիմնադիրը իր անկեղծ նամակում բազմաթիվ հարցեր է բարձրացրել՝ հարցնելով Թրամփին՝ արդյո՞ք պատերազմը սկսելը բացառապես իր որոշումն էր, թե՞ նրա վրա ազդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Ո՞վ է ձեզ թույլ տվել մեր տարածաշրջանը վերածել մարտադաշտի»,- հարցրել է Ալ-Հաբթուրը։

Նա նշել է, որ Իրանի դեմ պատերազմ սկսելու ԱՄՆ որոշումը սպառնում է ոչ միայն տարածաշրջանի ժողովուրդներին, այլեւ ամերիկացի ժողովրդին, որին նա խոստացել է խաղաղություն եւ բարգավաճում։ «Այսօր նրանք հայտնվել են իրենց փողերով եւ հարկերով ֆինանսավորվող պատերազմի մեջ, որի ծախսերը կազմում են 40-65 միլիարդ դոլար ուղղակի ռազմական գործողությունների եւ 210 միլիարդ դոլար ՝տնտեսական հետեւանքների եւ անուղղակի կորուստներ պատճառով, եթե պատերազմը տեւի չորսից հինգ շաբաթ»,- ավելացրել է միլիարդատերը։

Ալ-Հաբթուրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը խախտել է պատերազմներին չմիջամտելու իր խոստումը։

«Ձեր երկրորդ ժամկետի ընթացքում դուք կարգադրել եք ռազմական միջամտություններ յոթ երկրներում՝ Սոմալիում, Իրաքում, Եմենում, Նիգերիայում, Սիրիայում, Իրանում եւ Վենեսուելայում, ինչպես նաեւ ռազմածովային գործողություններ Կարիբյան ավազանում եւ Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում: Այժմ, ձեր պաշտոնավարման առաջին տարում, դուք հրահանգել եք ավելի քան 658 արտասահմանյան ավիահարված, որը հավասար է (ԱՄՆ նախկին նախագահ Ջո) Բայդենի ամբողջ ժամկետիհրահանգների ընդհանուր թվին, չնայած դուք նրան քննադատում էիք Միացյալ Նահանգներին արտաքին պատերազմներում ներգրավելու համար»:

Այս որոշումների արդյունքում Դուբայի միլիարդատերը զգուշացրել է ԱՄՆ նախագահին, որ իր հավանության վարկանիշը ամերիկացիների շրջանում նվազել է մոտ ինը տոկոսով ընդամենը 400 օրվա ընթացքում: «Այս թվերը հստակեցնում են մեկ բան. նույնիսկ ԱՄՆ-ում աճում է մտահոգությունը նոր պատերազմի մեջ ներքաշվելու եւ ամերիկացիների կյանքը, նրանց տնտեսությունը եւ ապագան ավելորդ ռիսկերի ենթարկելու մասին... Եթե այս նախաձեռնությունները սկսվել են խաղաղության անունից, ապա այսօր մենք իրավունք ունենք պահանջել լիակատար թափանցիկություն եւ հստակ հաշվետվողականություն»,- ասել է Ալ-Հաբթուրը:

Մեկ այլ հաղորդագրության մեջ Խալաֆ Ալ-Հաբթուրը հարցրել է, թե ով է պատասխանատվություն կրելու Պարսից ծոցի երկրներին եւ Մերձավոր Արեւելքին հասցված վնասի համար։

«Ո՞վ է վճարելու Իրանի, Ամերիկայի եւ Իսրայելի միջեւ հակամարտության հետեւանքով առաջացած լարվածության համար, որին մենք չենք մասնակցում»,- հարցրել է նա՝ հավելելով, որ ամբողջ տարածաշրջանը կրում է պատերազմի հետեւանքները երեք երկրների մասնակցությամբ։

«Մեր տնտեսությունը, մեր անվտանգությունը եւ մեր ժողովուրդների կայունությունը չպետք է լինեն մեծ տերությունների միջեւ հաշիվները մաքրելու ասպարեզ։ Մենք պաշտպանում ենք կայունությունն ու խաղաղությունը, եւ մենք չենք ընտրել այս դիմակայության մաս կազմելը։ Եվ այնուամենայնիվ, մենք վճարում ենք այն սրացման համար, որը մենք չենք ստեղծել», հավելել է նա։

«Այսօր մենք պետք է հստակ հարցնենք. ո՞վ է պատասխանատու եւ ո՞վ է փոխհատուցելու տարածաշրջանի երկրների եւ ժողովուրդների կրած կորուստները՝ ուրիշների միջեւ հակամարտությունների հետեւանքով»,- եզրափակել է նա։