Դերասանուհի Աննա Մանուչարյանը, որն արդեն երկու տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, սիրով է վերադարձել նկարահանման հրապարակ՝ այս անգամ իր ստեղծագործական ճանապարհի կարևոր փուլով։ Նա առաջին անգամ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն «Վերջին վկան» բազմասերիանոց ֆիլմում, որտեղ խաղում է երգիչ Վաչե Ամարյանի հետ։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է նոր նախագծի, ԱՄՆ-ում կյանքի, դստեր՝ Մալենայի հետ հարաբերությունների և գեղեցիկ կանանց մասին տարածված կարծրատիպերի մասին։
Առաջին գլխավոր դերը՝ երկար սպասված վերադարձից հետո

Աննա Մանուչարյանը խոստովանում է՝ երկար ժամանակ կարոտել էր նկարահանման ընթացքը, և «Վերջին վկան» նախագծի առաջարկը մեծ ուրախությամբ է ընդունել։
«Երբ US Armenia հեռուստաընկերության կողմից առաջարկ ստացա «Վերջին վկան» բազմասերիանոց ֆիլմում ստանձնելու գլխավոր հերոսուհու՝ Սոնայի կերպարը, շատ ուրախացա։ Ես, իսկապես, շատ էի կարոտել նկարահանման ընթացքը»,-ասում է նա։
Դերասանուհին մարմնավորում է Սոնային՝ մի կնոջ, որը հայտնվում է բարդ հարաբերությունների մեջ։ Նրա խաղընկերը հայտնի երգիչ Վաչե Ամարյանն է, որի կերպարը, ընկնելով անհեթեթ պատմության մեջ, սկսում է խաբել իր սիրելիին։
«Կծիկը գնալով մեծանում է՝ դառնալով անլուծելի մեծ խառնաշփոթ։ Սոնան մեծահոգի է, խելացի, սիրող, համբերատար, երբեմն՝ խանդոտ ու բռնկուն, բայց ուժեղ կին է։ Նա հաճախ կանգնում է բարդ ընտրությունների առաջ, բայց վերջում միշտ զգացմունքն է հաղթում»,-պատմում է դերասանուհին։
Նրա խոսքով՝ կերպարը շատ առումներով հոգեհարազատ է, թեև մի բան հաստատ չէր ցանկանա կրկնել իրական կյանքում. «Ինձ շատ մոտ է նրա ուժեղ և խելացի լինելը, բայց չէի ուզի այդքան խաբված լինել»,-ծիծաղում է նա։
«Գլխավոր դերը երբեք առաջնահերթություն չի եղել»

Թեև սա նրա առաջին գլխավոր դերն է հեռուստանախագծում, Աննան թե սերիալներում, թե թատրոնում, այնքան վառ կերպարների է մարմնավորել, որ շատերը, գուցե, զարմանան, որ մինչ օրս գլխավոր հերոսուհու չէր մարմնավորել։ Դերասանուհին, սակայն, ասում է՝ գլխավորը լինելը երբեք նպատակ չի եղել։
«Իհարկե ուրախ եմ, որ սա իմ կյանքի առաջին գլխավոր կերպարն է։ Բայց եթե ընտրելու լինեմ գլխավոր և շատ ավելի խարիզմատիկ երկրորդական կերպարի միջև, միանշանակ կընտրեմ երկրորդը։ Ինձ համար կարևոր է, որ կերպարը առաջին վայրկյաններից գրավի սիրտս. կլինի գլխավոր թե ոչ՝ էական չէ»,-նշում է նա։
Նկարահանման հրապարակում՝ հումորով և երաժշտությամբ․ «Վաչեի հետ հեշտությամբ եմ աշխատել»

Աննայի խոսքով՝ իր համար կարևոր է աշխատել ջերմ և առողջ մթնոլորտում, և «Վերջին վկան» նախագծում դա լիովին հաջողվել է ապահովել։
Վաչե Ամարյանի հետ համագործակցությունը, դերասանուհու խոսքով, շատ հեշտ է ստացվել։ Պարզվել է՝ երկուսն էլ Սյունիքից արմատներ ունեն և շատ ընդհանուր բաներ։
«Նման ենք և՛ հումորի զգացմամբ, և՛ երաժշտության հանդեպ մեծ սիրով։ Նկարահանման հրապարակում հումորը, ծիծաղն ու երաժշտությունը երբեք չեն պակասել։ Վաչեն էլ խնդիրներ ստեղծող մարդ չէ․ հակառակը՝ միշտ փորձում էր, որ բոլորն ուրախ լինեն»,- ասում է դերասանուհին։
Կյանքը` ԱՄՆ-ում

Վերջին երկու տարիներին Աննա Մանուչարյանը բնակվում է Միացյալ Նահանգներում։ Նրա տեղափոխության հիմնական պատճառը դստեր՝ Մալենայի գործունեությունն է։
«Արդեն երկու տարի է՝ այստեղ եմ։ Ունեմ ընկերներ, ինձ մենակ չեմ զգում, եղանակը հրաշալի է, սկսել եմ հարմարվել, նույնիսկ սիրել այս կյանքը։ Եվ շատ ուրախ եմ, որ «Վերջին վկան» ֆիլմի շնորհիվ կարողանում եմ զբաղվել նաև իմ մասնագիտությամբ»,-ասում է նա։
Սակայն դերասանուհին խոստովանում է՝ Հայաստանը մշտապես իր մտքում ու սրտում է։
«Շատ եմ կարոտում Հայաստանս, տունս, ընտանիքս, Լունծիկիս, թատրոնս, ռադիոս։ Սիրտս ու միտքս միշտ տանն են։ Բայց կյանքիս այս փուլը պետք է այսպես ապրեմ»։
«Շատ կուզեի նորից խաղալ բեմում»
Թատրոն վերադառնալու հարցին դերասանուհին արձագանքում է անկեղծ զգացմունքներով։
«Հիմա դա ինձ համար վերածվել է երազանքի։ Շատ կուզեի նորից խաղալ բեմում։ Այստեղ ցուցադրվող ոչ մի ներկայացում բաց չեմ թողնում, գոնե այդպես փորձում եմ լրացնել այդ բացը»,-ասում է նա։
Մալենայի հետ՝ մայր և ընկեր․ «Նա իմ կյանքը շատ է փոխել ու դեռ շարունակում է»

Դերասանուհու կյանքում առանձնահատուկ տեղ ունի դուստրը՝ երգչուհի Մալենան, ով 2021 թվականին ներկայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» և դարձավ հաղթող։
Աննան ասում է՝ իրենց հարաբերություններում խստություն գրեթե չկա։
«Ես երբեք խիստ չեմ եղել։ Անգամ առիթ չեմ ունեցել։ Լիովին հասկանում ու ընդունում եմ նրա տեսակը, հարգում եմ նրա ցանկությունները և չեմ խանգարում։ Նա հստակ տեսնում է իր ճանապարհը և շատ նպատակասլաց է գնում դեպի իր երազանքը»,-նշում է նա։
Դերասանուհին խոստովանում է՝ երբեմն հիանում է դստեր հետևողականությամբ։
«Մտածում եմ՝ երանի ես էլ այդ տարիքում այդքան մեծ երազեի և այդքան համառորեն գնայի իմ երազանքի հետևից»։
Կիրակիները՝ միայն մայր ու դուստր
Աննայի խոսքով՝ իրենց առօրյան հաճախ զբաղված է, բայց միասին անցկացվող պահերը փորձում են դարձնել առանձնահատուկ։
«Երբ երկուսս էլ տանն ենք, ֆիլմեր ենք նայում, պոդքաստներ լսում, քննարկում ենք տարբեր թեմաներ՝ մեր երազանքներից մինչև Աստված ու Հայաստան։ Մալենան ինձ անգլերեն է սովորեցնում, և կան օրեր, երբ միայն անգլերենով ենք խոսում ու շատ ենք ծիծաղում»,- պատմում է դերասանուհին։
Նրանք նույնիսկ հատուկ պայմանավորվածություն ունեն։
«Կիրակի օրերը փորձում ենք միասին անցկացնել՝ որևէ հեռու տեսարժան վայր գնալով։ Երկար ճանապարհները, մեր զրույցներն ու լավ երաժշտությունը լրիվ ուրիշ հմայք են բերում կյանքին»։
Գեղեցկության «թերությունները»․ «Անհիմն պիտակավորումների տարափ է տեղում, չարախոսում են, բամբասում… բայց դա ինձ համար էական չէ»

Աննա Մանուչարյանը, ինչպես և գեղեցիկ ու խնամված արտաքինով աչքի ընկնող շատ կանայք, հաճախ հայտնվում է քննարկումների և տարբեր բամբասանքների կիզակետում։ Պատասխանելով գեղեցիկ կանանց մասին տարածված կարծրատիպերի վերաբերյալ հարցին՝ դերասանուհին ասում է, որ արտաքինի շուրջ քննարկումները հաճախ անհիմն են։
«Գեղեցիկ կանանց արտաքինն ու կյանքը շատ են քննարկում, հաճախ անհիմն պիտակավորում են, բամբասում։ Բայց դա ինձ համար էական չէ»,- նշում է նա։
Այնուամենայնիվ, երբեմն արտաքինն իսկապես կարող է խանգարել։
«Կարծես պատնեշ է ստեղծում և թույլ չի տալիս, որ մարդիկ ճանաչեն իմ ներքին շերտերը։ Ես իսկապես նեղսրտում եմ, երբ ինձ դիտարկում են միայն որպես գեղեցիկ արտաքին ունեցող կնոջ»։
Դերասանուհու համար գեղեցկությունը շատ ավելի խորքային հասկացություն է։
«Ինձ համար գեղեցիկը գեղեցիկ արժեհամակարգն է՝ ներաշխարհը, գիտելիքը, ճաշակը, տաղանդը, աշխատասիրությունը, մարդկային արժեքները, նրբանկատությունը։ Աշխարհը գեղեցիկ տեսնելու կարողությունը»։
Մաղթանքը հայ կանանց
Կանանց միամսյակի առիթով Աննա Մանուչարյանը կարևոր ուղերձ ունի։
«Մենք՝ կանայքս, հզոր ենք։ Եթե ուզենք, սարեր շուռ կտանք։ Ժամանակ և միջոց մի խնայեք ինքներդ ձեզ վրա ներդրում կատարելու համար, զարգացեք, փորձեք հնարավորինս անկախ լինել և կառուցեք առողջ հարաբերություններ»։
Եվ ամենակարևոր խորհուրդը՝ ըստ դերասանուհու.
«Բոլոր հարաբերություններից ամենակարևորը սեփական «ես»-ի հետ ներդաշնակ ու խաղաղ լինելն է։ Սիրված ու գնահատված եղեք, լսեք լավ երաժշտություն, ճանապարհորդեք, ժպտացեք, և թող ձեր սիրտը միայն երջանկության զարկերով բաբախի»։


