ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրոպական միությունը 2022 թվականից ի վեր 196 միլիարդ եվրոյի օգնություն է տրամադրել Ուկրաինային։ Ընդ որում, նշված թիվը չի ներառում 90 միլիարդ եվրոյի լրացուցիչ վարկային մեխանիզմը, որն այժմ գտնվում է համաձայնեցման փուլում։

Բրյուսելում ԵՄ մշտական ներկայացուցիչների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Կալասն ընդգծել է, որ Եվրամիությունը մնում է Ուկրաինայի առանցքային գործընկերը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Կիևին ցուցաբերվող աջակցության ընդհանուր ծավալը հասել է 196 միլիարդ եվրոյի, իսկ 90 միլիարդ եվրոյի վարկային օգնության առանձին փաթեթը դեռևս քննարկման փուլում է։


Ավելի վաղ՝ փետրվարի 4-ին, ԵՄ 27 երկրներից 24-ի դեսպանները (առանց Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի) հավանություն են տվել 2026–2027 թվականների համար Ուկրաինայի ֆինանսավորման 90 միլիարդ եվրոյի մեխանիզմին։ Այս ծրագիրը համաձայնեցվել է ԵՄ-ի դեկտեմբերյան գագաթնաժողովում՝ որպես ռուսական ակտիվների բռնագրավման գաղափարի այլընտրանք։


Փետրվարի 11-ին նախաձեռնությունը հաստատել է նաև Եվրոպական խորհրդարանը։ Եվրոպական միության խորհրդի տվյալներով՝ նախատեսվում է 30 միլիարդ եվրո ուղղել Ուկրաինայի պետական բյուջեի ծախսերի ծածկմանը, ևս 60 միլիարդ եվրո՝ ռազմական օգնությանը։ Միջոցները նախատեսվում է ներգրավել ԵՄ երկրների ֆինանսական շուկաներից, ընդ որում՝ վարկերի տոկոսները վճարելու է Եվրոպական հանձնաժողովը՝ Եվրոմիության բյուջեից։