Human Rights Watch (HRW) կազմակերպությունը ապացույցներ է գտել այն մասին, որ Իսրայելն այս ամսվա սկզբին սպիտակ ֆոսֆոր է օգտագործել հարավային Լիբանանի բնակելի թաղամասերում՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը։
Երկուշաբթի օրը հրապարակված նոր զեկույցում Նյու Յորքում տեղակայված իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ հաստատել է յոթ լուսանկարների իսկությունը։ Դրանցում պատկերված են սպիտակ ֆոսֆորով լիցքավորված զինամթերքներ, որոնք արձակվել են Լիբանանի հարավում գտնվող Յոխմոր քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ։ Արդյունքում, մարտի 3-ին հրդեհներ են բռնկվել։
Լիբանանի հարցերով HRW-ի հետազոտող Ռամզի Քայսը հայտարարել է, որ «Իսրայելական զինվորականների կողմից բնակելի թաղամասերի վրա սպիտակ ֆոսֆորի անօրինական կիրառումը ծայրահեղ տագնապալի է և լուրջ հետևանքներ կունենա քաղաքացիական բնակչության համար»։
«Սպիտակ ֆոսֆորի այրող հատկությունները կարող են հանգեցնել մահվան կամ ծանր վնասվածքներ պատճառել, որոնք կարող են տառապանքներ պատճառել ողջ կյանքի ընթացքում», — հավելել է նա։
Բնակեցված տարածքների երկնքում պայթող սպիտակ ֆոսֆորի կիրառումը անօրինական կերպով անընտրողական է և չի համապատասխանում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին, որոնք պարտադրում են ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելուց խուսափելու համար։
Այս քիմիական նյութը բոցավառվում է թթվածնի հետ շփման ժամանակ և կարող է հրդեհներ առաջացնել տներում, գյուղատնտեսական հողատարածքներում և քաղաքացիական այլ օբյեկտներում։
HRW-ն հաստատել է, որ Յոխմորում զինամթերք է կիրառվել խաղաղ բնակիչների կուտակումների վրա, ինչը հանգեցրել է տների և քաղաքացիական այլ գույքի բռնկմանը։
Կազմակերպությունը ստուգել և տեղորոշել է լիբանանյան լրատվամիջոցների կողմից մարտի 3-ի առավոտյան հրապարակված լուսանկարը: Դրանում երևում են առնվազն երկու հրետանային արկեր՝ լիցքավորված սպիտակ ֆոսֆորով, որոնք պայթում են բնակելի թաղամասի երկնքում:
Զեկույցում նշվում է, որ պայթյունից հետո առաջացած ծխի ամպի ձևը համապատասխանում է բնորոշ «բռունցքին», որը ձևավորվում է սպիտակ ֆոսֆոր պարունակող M825 սերիայի 155 մմ տրամաչափի հրետանային արկի պայթյունի ժամանակ:
Ստուգվել և տեղորոշվել են նաև Facebook-ում Յոխմորի Իսլամական առողջապահական կոմիտեի քաղաքացիական պաշտպանության խմբի կողմից տեղադրված լուսանկարները, որոնցում երևում է, թե ինչպես են աշխատակիցները մարում բնակելի տների տանիքներին և մի ավտոմեքենաներում առաջացած հրդեհները։
Կազմակերպությունը եկել է այն եզրակացության, որ հրդեհը, հավանաբար, առաջացել է սպիտակ ֆոսֆորով ներծծված թաղիքե սեպերից՝ հաշվի առնելով բռնկման վայրերի հետ հեռավորությունը:
«Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի այս պրակտիկան, իսկ այն պետությունները, որոնք զենք են մատակարարում Իսրայելին, ներառյալ սպիտակ ֆոսֆորով զինամթերքը, պետք է անմիջապես կասեցնեն ռազմական օգնությունն ու զենքի վաճառքը և հասնեն բնակելի թաղամասերում նման զինամթերքի կիրառման դադարեցմանը», — հայտարարել է Քայսը:
Լիբանանում ավելի քան կես միլիոն հարկադիր վերաբնակներ են գրանցվել այն բանից հետո, երբ Իսրայելը բնակչության հարկադիր տեղահանման հրամաններ է արձակել:
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, այդ թվում՝ Գոբեյրի և Հարեթ Հրեյք թաղամասերի միջև ընկած տարածքին, ինչպես նաև Սաֆիր թաղամասին:
Զեկույցը հրապարակվել է այն բանից մի քանի ժամ անց, երբ իսրայելական բանակը, որը մի քանի օր շարունակ ինտենսիվ հարվածներ էր հասցնում հարավային Բեյրութին, հայտարարել է, որ գրոհում է Լիբանանի մայրաքաղաքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտները: Իսրայելական հարձակումների հետևանքով Լիբանանում զոհվել է առնվազն 394 մարդ, ավելի քան 1000-ը ստացել են վիրավորումներ:
Human Rights Watch (HRW)-ն կոչ է արել Իսրայելի առանցքային դաշնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Գերմանիային, կասեցնել Իսրայելի ռազմական մատակարարումները և թիրախային պատժամիջոցներ սահմանել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր առնչություն կունենան ծանր հանցագործությունների հետ:
Կազմակերպության տվյալներով՝ Իսրայելն արդեն սպիտակ ֆոսֆոր է կիրառել Լիբանանի հարավային սահմանամերձ գյուղերում 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում՝ խաղաղ բնակիչներին ենթարկելով լուրջ վտանգի:
NEWS.am-ը Telegra


