Համաներումը 21-րդ դարում մարդասիրության դրսևորումներից մեկն է: Հայաստանի դեպքում համաներման ակտի կիրառումը մարդասիրության և ներողամտության դրսևորում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության նախարարության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը: Նրա փոխանցմամբ` դրա կիրառման արդյունքում առաջանում են սոցիալական, տնտեսական, իրավական և քաղաքական դրսևորումներ:
«Այս համաներումը անկախության հաստատումից հետո թվով 9-րդն է: Այն իր բնույթով ավելի լայն կիրառման շրջանակներ ունի, քան նախորդներն էին: Այս համաներումը կիրառվում է բազմաթիվ արարքների վրա, և դրա գործածումը կարելի է բաժանել հետևյալ հարցադրումներով` որ դեպքում և ինչ սկզբունքներով պետք է կիրառվի, պատժի չկրած մասը որ դեպքում և ինչպես կկրճատվի, և որ դեպքում չպետք է կիրառել համաներումը»,- հավելեց Առուստամյանը:
Նրա տեղեկացմամբ` պատժի չկրած մասը պետք է կրճատվի 900-1000-ի առումով, իսկ այլընտրանքային պատժով` 1500 մարդու դեպքում:
«Համաներման կիրառման մեջ ներառված չեն դեռևս դատական փուլում գտնվող գործերը, որոնց դատավճիռը չի կայացել: Սակայն դատավճիռ կայացնելիս դատավորը կարող է հաշվի առնել համաներման առկայությունը: Հիմնականում ազատ կարձակվեն պայմանականորեն չկիրառված, ազատությունից զրկվելու հետ կապ չունեցողները, որոնց նկատմամբ կիրառվել է 3 տարի ազատազրկում, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող մարդիկ, 60 տարին լրացած մարդիկ, հղի կանայք, մինչև 3 տարեկան երեխա ունեցողները, զինծառայողների ծնողները»,- հայտնեց նախարարի խորհրդականը:
Նա նաև տեղեկացրեց, որ համաներումից հրաժարվելու հարց լինել չի կարող, և այն կիրառվում է` անկախ անձի կամքից:
Համաներումը, ինչպես հավաստիացրեց Առուստամյանը, պետության համար դրական է այն առումով, որ գոյանում են ֆինանսական տնտեսումներ, իսկ ազատ արձակված անձանց համար խնդիրներ կարող են առաջանալ սոցիալական բնույթի, քանի որ առավել դժվար կլինի աշխատանք գտնելը: «Այս առումով բազմաթիվ սոցիալական և կրթական ծրագրեր են իրականացվում»,- հավելեց Առուստամյնանը:
Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք փողի գործոնը դեր ունենա այն մարդկանց դեպքում, որոնց վրա համաներումը ոչ մի ազդեցություն չի ունենա, Առուստամյանը ասաց, որ հավանականությունը շատ քիչ է, քանի որ փաստաթղթերում լուրջ փոփոխություններ անել հնարավոր չէ. չեն կարող սեռական բնույթի հանցագործությունը վերագրել մեկ ուրիշի:
Նա նաև անդրադարձավ Արմավիրի քրեակատարողական հիմնարկի շահագործմանը` նշելով, որ եթե անգամ համաներումը չլիներ, գերբնակեցվածությունից խուսափելու համար պետք է բանտարկյալներին տեղափոխեին վերոնշյալ հիմնարկը: