Թեքսասի A&M համալսարանի գիտնականները մշակել են ներարկում, որը խթանում է նախասրտային նատրիուրետիկ պեպտիդի (ANP)՝ ինֆարկտից հետո սիրտը պաշտպանող հորմոն արտադրությունը: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science բժշկագիտական հանդեսում:


Ինֆարկտից հետո սիրտը վնասվում է և ստիպված է աշխատել ուժեղացված ծանրաբեռնվածությամբ: Ի պատասխան, օրգանիզմն արտադրում է ANP. հորմոն, որը նվազեցնում է սրտի մկանների վրա ծանրաբեռնվածությունը և պաշտպանում հյուսվածքը հետագա վնասներից: Սակայն հորմոնի բնական մակարդակը սովորաբար բավարար չէ վերականգնումը զգալիորեն արագացնելու համար:


Նոր ներարկումը լուծում է այդ խնդիրը: Դեղամիջոցը ներարկվում է կմախքային մկանների մեջ, որտեղ բջիջները ստանում են ժամանակավոր «հրահանգներ»՝ սկսելու լրացուցիչ ANP արտադրել: Հորմոնը մտնում է արյան մեջ և հասնում է սիրտ՝ նվազեցնելով օրգանի վրա ծանրաբեռնվածությունը և նպաստելով հյուսվածքների վերականգնմանը: Հետազոտողների կարծիքով՝ մեկ չափաքանակը բավարար է հորմոնների արտադրության աճը մի քանի շաբաթ պահպանելու համար:

«Ըստ էության, մենք ամրապնդում ենք սրտի սեփական պաշտպանական համակարգը: Օրգանիզմն արդեն օգտագործում է ANP-ն պաշտպանության համար, և մենք պարզապես օգնում ենք նրան ավելի շատ նման նյութ արտադրել վերականգնման կարևորագույն ժամանակահատվածում»,- պարզաբանում են գիտնականները։

Ներարկումը հիմնված է ինքնաուժեղացնող RNA (saRNA) տեխնոլոգիայի վրա։ Ի տարբերություն ավանդական RNA դեղամիջոցների, այդ մոլեկուլները կարող են ժամանակավորապես վերարտադրվել բջջի ներսում՝ երկարացնելով ազդեցությունը և թույլ տալով ավելի ցածր չափաքանակ օգտագործել։

Նույնիսկ առաջին սրտի կաթվածից հետո սիրտը ժամանակի ընթացքում թուլանում է սպիների առաջացման և որոշ մկանային հյուսվածքների մահվան պատճառով։ Ըստ հեղինակների՝ կաթվածից հետո առաջին շաբաթներին ANP-ի լրացուցիչ արտադրությունը նպաստում է սպիների առաջացման նվազեցմանը, առողջ հյուսվածքների պահպանմանը և սրտի ֆունկցիայի հետագա բարելավմանը։

Հետազոտությունը շարունակում է թիմի նախորդ աշխատանքը, որը ստեղծել էր միկրոասեղներով կպչուն սպեղանի՝ սրտի մակերեսին կիրառելու համար, որը հյուսվածքների վերականգնումը խթանող հորմոն է արտազատում ։ Նոր մոտեցումը հնարավորություն է տալիս նմանատիպ ազդեցություն ունենալ ստանդարտ ներարկման միջոցով՝ առանց վիրահատության միջամտության։