ԱՄՆ վարչակազմն այս շաբաթ կարող է պաշտոնական հայցով դիմել Կոնգրեսին՝ Իրանի դեմ ռազմական արշավի համար լրացուցիչ ֆինանսավորում ստանալու նպատակով։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։
Ըստ հրապարակման տվյալների՝ գործողության առաջին իսկ օրերին արդեն ծախսվել է շուրջ 5,6 միլիարդ դոլարի զինամթերք, իսկ ռազմական գործողությունները շարունակելու համար անհրաժեշտ է համալրել պաշարները։
Պարբերականի աղբյուրները հստակեցնում են, որ խոսքը վերաբերում է այն միջոցներին, որոնք ուղղվելու են ինչպես նոր հրթիռների ու ավիացիոն ռումբերի ձեռքբերմանը, այնպես էլ տարածաշրջանում զորքերի լոգիստիկայի և պաշտպանության ապահովմանը։
Պենտագոնը դիտարկում է լրացուցիչ տասնյակ միլիարդավոր դոլարների հատկացման հարցը՝ ռազմարշավի հետագա ընթացքն ապահովելու, այդ թվում՝ պաշտպանունակության ամրապնդման և դաշնակիցներին աջակցելու համար։
The Washington Post-ը նաև նշում է, որ նման հայցը կարող է Կոնգրեսում նոր բանավեճերի առիթ դառնալ՝ կապված պատերազմի վարման հարցում նախագահի դերի և բյուջետային ծախսերի վերահսկողության հետ։
Օրենսդիրները քննարկելու են միջոցների հատկացման նպատակահարմարությունն ու դրանց օգտագործման վերահսկողությունը, հատկապես՝ հակամարտության համար նախատեսված ծախսերի կտրուկ և արագ աճի ֆոնին։


