ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այժմ հայտնվել է համաշխարհային տնտեսական անկման և ռազմածովային աղետի տեսլականների արանքում, CNN հեռուստաալիքի համար գրում են Ֆիլ Մեթինգլին և Զաքարի Քոենը:
Հեղինակների դիտարկմամբ՝ Իրանի հետ հակամարտության սրմանը զուգընթաց, համաշխարհային էներգետիկ զարկերակները սեղմվում են մինչև «ոչ գծային» օրինաչափության կետը։ Սա նշանակում է, որ Հորմուզի նեղուցի փակ մնալու յուրաքանչյուր օրը ոչ թե պարզապես կրկնապատկում է տնտեսական վնասները, այլ հանգեցնում է դրանց երկրաչափական պրոգրեսիայով աճին։
Թրամփի վարչակազմը մի քանի ճակատներում աշխատում է նավթային ճգնաժամը լուծելու ուղղությամբ. այն փորձում է իրականացնել բարդ ռազմական գործողություն՝ նեղուցը նավթատարների համար վերաբացնելու համար, միաժամանակ գտնելով գները շուկայական միջամտությունների միջոցով իջեցնելու ուղիներ։
Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով վարչակազմը գործարկել է նաև լայնածավալ PR արշավ՝ հանրությանը հավաստիացնելով, թե ցանկացած խնդիր, ամենայն հավանականությամբ, կլինի կարճատև։
Սակայն, ինչպես նշվում է հոդվածում, Պենտագոնի և Սպիտակ տան Արևմտյան թևի ներսում կանխատեսումներն օրեցօր ավելի մռայլ են դառնում։
Միջազգային բենչմարք համարվող Brent տեսակի նավթի գինը արդեն հատել է բարելի դիմաց 100 դոլարի սահմանագիծը։ Համաշխարհային շուկա մուտք գործող նավթի պակասը հանգեցրել է արդյունահանման կտրուկ անկման։ Մենք արագորեն մոտենում ենք այն օրհասական կետին, երբ խոշոր արտադրողները ստիպված կլինեն ամբողջությամբ դադարեցնել աշխատանքը՝ պահեստարանների սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Քուվեյթը, Իրաքը և Արաբական Միացյալ Էմիրությունները արդեն սկսել են փակել հորատանցքերը՝ ռեզերվուարների գերլցվածության պատճառով։ Վտանգն այն է, որ այդ հորատանցքերը փակելուց հետո դրանք հնարավոր չի լինի պարզապես վերագործարկել։ Սա կստեղծի մատակարարման տևական «վակուում», որը շղթայական ռեակցիայով կհարվածի համաշխարհային տնտեսությանը։
«Եթե շուկայական նման պայմանները պահպանվեն կամ վատթարանան, մենք ստիպված կլինենք վերանայել այս օպերացիայի ողջ ծավալը», — CNN-ին հայտնել է վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ «Կա հրատապ կարճաժամկետ լուծման անհրաժեշտություն, և Սպիտակ տունը գիտակցում է այս փաստը»։
Նավթային ընկերությունների ղեկավարների, շուկայի վերլուծաբանների և դիվանագետների կարծիքով՝ սրվող ճգնաժամի միակ անհապաղ լուծումը ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցող օպերացիան է։ Սա հենց այն քայլն է, որը Թրամփը խոստացել էր անցյալ շաբաթ՝ նշելով, որ սեղմ ժամկետներում հասանելի կդառնա նավագնացության անվտանգության ապահովման համար։
«Այս հարցը ռազմական գերատեսչության կողմից ենթարկվում է խորը ուսումնասիրության և գտնվում է մշտական քննարկումների փուլում», — CNN-ին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ զգալի առաջընթաց է գրանցվել այնպիսի ծրագրի մշակման հարցում, որը լիովին համապատասխանում է նախագահի առաջարկին։
Ինչպես հաղորդում են պլանավորման գործընթացին մոտ կանգնած CNN-ի աղբյուրները, անցյալ շաբաթ վարչակազմի ուշադրության կենտրոնում են եղել հենց ԱՄՆ ռազմածովային գործողության ժամկետների և պայմանների շուրջ ներքին քննարկումները։
Վարչակազմի ներսում ակտիվ քննարկումների առանցքում ԱՄՆ ռազմածովային ուժերը բացահայտ հակամարտության գոտի ուղարկելու հետ կապված ռիսկերի վերլուծությունն է եղել։ Աղբյուրներից մեկը Հորմուզի նեղուցի ներկայիս վիճակը բնորոշել է որպես «Մահվան հովիտ»։
Չնայած «Աբրահամ Լինքոլն» (USS Abraham Lincoln) ավիակիրն ու դրան ուղեկցող հարվածային խումբը գտնվում են լիակատար մարտական պատրաստվածության վիճակում, սակայն ջրային տարածքում տիրող տակտիկական իրականությունը խիստ վտանգավոր է։ Իրանը փաստացիորեն նեղուցը բաժանել է իր սովորական ռազմածովային նավատորմի և առավել ագրեսիվ գործողություններով աչքի ընկնող Հեղափոխության պահապանների կորպուսի միջև։
Վերջինս կաչող է յուրատեսակ «պատնեշ» ստեղծել՝ կիրառելով ցրված նավեր՝ ականապատման համար, պայթուցիկներով հագեցած մահապարտ-նավակներ և առափնյա հրթիռային մարտկոցներ։ «Ճնշումը կհասնի կրիտիկական կետի ավելի շուտ, քան մենք կհասցնենք տեղակայել անհրաժեշտ միջոցները։ Ժամանակային գրաֆիկները պարզապես չեն համընկնում», - նշել է աղբյուրը։
Ամերիկյան նավերն այս պահին խուսափում են նեղուցի առավել վտանգավոր հատվածներից՝ շարունակելով սպասարկել Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի ընթացիկ գործողությունները։ Ուղեկցման առաքելությունը նշանակում է ռազմական նավերը վտանգի ենթարկել բացառապես նավթակիրների քողարկման նպատակով, ինչը բուն պատերազմական գործողությունների տեսանկյունից չունի ակնհայտ ռազմավարական առավելություն։
Երկարաժամկետ օպերատիվ ծրագիրը նախատեսում է ամերիկյան էսմինեցների տեղակայում՝ տանկերները իրանական սպառնալիքներից պաշտպանելու համար, ինչպես նաև առափնյա մարտական նավերի (LCS) աջակցություն։ Այդուհանդերձ, հետախուզական տվյալները հուշում են, որ Իրանը հոգեբանական խաղ է վարում։ Քիչ հավանական է, որ հարվածներ հասցվեն ծոց մտնող նավերին. փոխարենը սպասվում է, որ թիրախում կլինեն ելքի մոտ գտնվող և արդեն ամբողջությամբ բեռնված տանկերները։
Առավել մտահոգիչ է այսպես կոչված «շոկային գործոնի» հիերարխիան։ Վերլուծաբանները կարծում են, որ Իրանն առաջնահերթությունը կտա հեղուկացված բնական գազ (LNG) փոխադրող տանկերներին, որոնք կարող են «պայթել Բեյրութի ռումբի նման», իսկ այնուհետև նավթակիրներին՝ բնապահպանական և տնտեսական քաոսն առավելագույնի հասցնելու համար։


