Պենտագոնը որոշել է հրաժարվել զինված ուժերում Anthropic ընկերության կողմից մշակված արհեստական բանականության (ԱԲ) մոդելների կիրառումից։ Որոշման պատճառը մատակարարման շղթաների հնարավոր խափանումների հետ կապված սպառնալիքներն են։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։


Կարգադրության համաձայն՝ նման մոդելները պետք է հեռացվեն համակարգերից առաջիկա 180 օրվա ընթացքում։ «Բացառություններ կդիտարկվեն միայն ազգային անվտանգությանն առնչվող այն կրիտիկական գործողությունների համար, որտեղ կենսունակ այլընտրանքներ պարզապես չկան», - ասվում է գերատեսչության հրահանգում։ Պենտագոնը նաև պահանջել է իր հետ համագործակցող ընկերություններից կես տարվա ընթացքում դադարեցնել Anthropic-ի բոլոր արտադրանքների օգտագործումը՝ իր պայմանագրերի հետ կապված աշխատանքներում։

Ըստ զինվորականների կողմից ԱԲ-ի կիրառմանը ծանոթ աղբյուրների տվյալների՝ նման մոդելներն այժմ օգտագործվում են ամերիկյան զինուժի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողություններում։

CBS-ը իշխանությունների նման որոշումն անվանել է աննախադեպ, քանի որ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան ընկերությունը սպառնալիք է ճանաչվել մատակարարման շղթայի համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում (2017-2021թթ.) վարչակազմը նմանատիպ միջոցներ է ձեռնարկել օտարերկրյա ընկերությունների, օրինակ՝ չինական հեռահաղորդակցության հսկա Huawei-ի գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ։

Պենտագոնը նախկինում սերտորեն համագործակցել է Anthropic-ի հետ և կիրառել է Claude AI մոդելը՝ ձգտելով օգտագործել այս ոլորտի մշակումները բոլոր օրինական նպատակներով։ Գերատեսչությունը դրանց շարքին է դասում ռազմական գործողությունների իրականացումը և հետախուզական տվյալների հավաքագրումը։ Anthropic-ը չի համաձայնել այս պայմաններին՝ պահանջելով սահմանել երկու բացառություն. չկիրառել մոդելները երկրի ներսում զանգվածային հետևողականության և մահաբեր ինքնավար սպառազինության համակարգերի (մարտական ռոբոտների) ստեղծման համար։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ վարչակազմը երբեք թույլ չի տա «արմատական ձախ» ընկերությանը վտանգի ենթարկել ազգային անվտանգությունը՝ թելադրելով, թե ինչպես պետք է գործի աշխարհի ամենահզոր և ուժեղ բանակը։