Մարտի 11-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակման են ենթարկել Սամարայի մարզը. հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը: «Զոհեր և տուժածներ չկան», — նշել է նա՝ չհստակեցնելով հարձակման թիրախները և օդային հարվածի հետևանքները։ Astra-ն վերլուծել է տեղի բնակիչների լուսանկարները և պարզել, որ հարվածի տակ է հայտնվել Տոլյատիի «ԿույբիշևԱզոտ» քիմիական գործարանը։ ԱԹՍ-ների հարվածից հետո ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական «Exilenova+» մոնիտորինգային ալիքը պնդում է, որ հրդեհվել է գործարանի 11-րդ արտադրամասը։
«ԿույբիշևԱզոտ»-ի կայքում նշվում է, որ այն ռուսական առաջատար քիմիական ընկերություններից մեկն է և դասվում է երկրի ազոտական արդյունաբերության տասը խոշորագույն ձեռնարկությունների շարքին։ Գործարանը մասնագիտացված է այնպիսի քիմիական նյութերի արտադրության մեջ, ինչպիսիք են կապրոլակտամը, պոլիամիդ-6-ը, տեխնիկական թելը, ամոնիակային սելիտրան, կարբամիդը, ամոնիումի սուլֆատը, ամոնիակը, թույլ ազոտական թթուն և այլն։ Բացի Տոլյատիից, ուկրաինական դրոնները հարձակվել են նաև Սամարայի և Սիզրանի վրա, որոնց երկնքում, Shot-ի տվյալներով, որոտացել է առնվազն 10 պայթյուն։ Սիզրանի շրջաններից մեկում հրդեհ է բռնկվել, սակայն թե հատկապես որ օբյեկտն է այրվում՝ հայտնի չէ։ Անօդաչուները հարձակվել են նաև Տագանրոգի և Ռոստովի մարզի առնվազն հինգ շրջանների վրա։ Տեղական իշխանությունները հայտնել են էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ) վնասման մասին։ Բացի այդ, պայթյուններ են որոտացել նաև Սոչիում և Անապայում՝ հարևան Կրասնոդարի երկրամասում։
ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցներով «որսացվել և ոչնչացվել են» ինքնաթիռային տիպի 185 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Մասնավորապես, դրոններ են խոցվել Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, օկուպացված Ղրիմի, Սև և Ազովի ծովերի վրա։


