Խաղաղության խաչմերուկ նախագծի մասին առաջին անգամ խոսել եմ հենց 2023 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի այս ամբիոնից և վերը նկարագրված զարգացումները նոր հնարավորություններ են բացում Եվրոպական Միության ու Հայաստանի համար տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու և կոնկրետացնելու տեսակետից։ Այս մասին, այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ ներկայացրած դրական պատկերը անշուշտ մթագնվում է այն իրադարձություններով, որ տեղի են ունենում հենց մեր հարևանությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունում և մերձավոր արևելյան մի շարք երկրներում։ Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը, Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսաք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրենը, Սիրիան, մեր լավ գործընկերներն են։ Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել՝ դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։


Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավել ևս մենք փոքր համեստ պետություն ենք և մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության և գործընկեր առաջնորդների իմաստության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»։