Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին դատապարտել է Իրանի հարավում գտնվող դպրոցի վրա հասցված ռազմական հարվածի հետևանքով աղջիկների սպանությունը և պահանջել է գտնել պատասխանատուներին։
«Իրանի ռազմական կարողությունների ոչնչացմանն ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ժամանակ անհրաժեշտ է պահպանել քաղաքացիական բնակչության և երեխաների անձեռնմխելիությունը։ Հետևաբար, կառավարության անունից դատապարտում եմ Մինաբի դպրոցի աղջիկների սպանությունները, համերաշխություն եմ հայտնում երիտասարդ զոհերի ընտանիքներին և պահանջում եմ շուտափույթ պարզել, թե ում վրա է ընկնում այս ողբերգության պատասխանատվությունը», - ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով Սենատում (խորհրդարանի վերին պալատում)։
Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ Իտալիան պատերազմական վիճակում չէ և մտադիր չէ ներքաշվել դրա մեջ։ Մելոնին ընդգծել է, որ ազգային տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի բազաները, որոնք օգտագործվում են ԱՄՆ զինված ուժերի կողմից, ենթարկվում են գոյություն ունեցող համաձայնագրերի կանոնակարգին, և օգտագործման շրջանակի ընդլայնման վերաբերյալ լրացուցիչ հարցումների դեպքում կառավարությունը մտադիր է դիմել խորհրդարանին՝ հարցը քննարկելու համար։ «Կրկնում եմ՝ այս պահին մենք որևէ հարցում չենք ստացել», - նշել է վարչապետը։
Նա նաև հայտնել է, որ Իսրայելին իր անհամաձայնությունն է հայտնել ցանկացած էսկալացիայի վերաբերյալ, մասնավորապես Լիբանանում, որտեղ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում գտնվում են ավելի քան հազար իտալացի զինվորականներ։ Մելոնին ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանվելու իրավունքը պետք է սահմանափակվի «Հեզբոլլահի» դեմ հարձակումներով։


