Դուբայի մոտակայքում՝ Պարսից ծոցում, բեռնարկղանավ է թիրախավորվել անհայտ արկի կողմից։ Այս մասին տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային գործառնությունների կենտրոնը (UKMTO)։
«UKMTO-ն հաղորդում է ստացել Էմիրությունների Ջեբել Ալի նավահանգստից մոտ 64 կմ դեպի հյուսիս տեղի ունեցած միջադեպի մասին։ Նավապետի փոխանցմամբ՝ անհայտ արկի հարվածից նավի վրա փոքր հրդեհ է բռնկվել։ Մթության պատճառով վնասի ամբողջական գնահատումն այս պահին դժվար է իրականացնել, սակայն անձնակազմի բոլոր անդամներն անվտանգության մեջ են», - նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
Կառույցն ընդգծում է նաև, որ «այս պահի դրությամբ շրջակա միջավայրին հասցված վնաս կամ աղտոտում չի արձանագրվել»։
«Իշխանությունները հետաքննում են պատահարի հանգամանքները։ Նավերին խորհուրդ է տրվում տարածքով անցնելիս ցուցաբերել զգուշություն և ցանկացած կասկածելի գործողության մասին անմիջապես տեղեկացնել UKMTO-ին», - ասված է հայտարարության եզրափակիչ հատվածում։


