Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ լուռ, հանդարտ, հանգիստ դիվանագիտական աշխատանք արվում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության համաձայնագիրը հնարավոր է՝ ստորագրվի մինչր հունիսին կայանալիք ընտրությունները։

«Ես կասկած չունեմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի, հիմա կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ արդեն ավելի հստակ է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների համընկնումը, որ նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չլինելու և նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։


Մենք հիմա խոսում ենք խաղաղությունը ամրապնդելու և խաղաղությունը հետ շրջելու անհնարինության մասին, և այս առումով ավելի կարևոր են ներքաղաքական պրոցեսները, թե Հայաստանում, թե Ադրբեջանում, որովհետև Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ՝ Ադրբեջանում էլ կան, որոնք այդքան էլ գոհ չեն խաղաղությամբ և պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։

Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը և այն դարձնենք անշրջելի»,– հայտարարեց Փաշինյանը։