«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի թվում, ուշագրավ նախագիծ է հաստատվել․ մինչև ընտրություններ առողջապահության ապահովագրության բոլոր ծախսերն ու պարտքերը մարել։ Թե ինչ կլինի հետո, պարզ չէ։ Ֆինանսների նախարարությունը հաշվարկների բացակայություն է արձանագրել։
Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեի շրջանակում 2.9 միլիարդ դրամի վերաբաշխում կատարել, որի հիմնական մասը՝ 2.5 միլիարդ դրամը, վերցվում է կառավարության պահուստային ֆոնդից։
Պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է առողջապահական ծառայությունների փաստացի գերակատարումներով և համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման փուլում առաջացած պարտավորություններով։
Փաստաթղթում ասվում է․
«2025 թվականի դեկտեմբեր և 2026 թվականի հունվար-փետրվար ամիսների կատարողականները հիմնականում որոշ ծրագրերի մասով կանխատեսվածից ավել են ներկայացվել»։
Այս իրավիճակը, ըստ կառավարության, հանգեցրել է բժշկական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների կուտակմանը, և անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում՝ դրանք մարելու համար։ Նշվում է նաև, որ որոշման ընդունմամբ հնարավոր կլինի փոխհատուցել մինչև փետրվարի 28-ը մատուցված ծառայությունների շուրջ 86 տոկոսը։
Սակայն ուշագրավ է, որ այս վերաբաշխմանը ՀՀ ֆինանսների նախարարությունը սկզբնապես տվել է իր անհամաձայնությունը՝ մատնանշելով թե՛ հաշվարկների թերիությունը, թե՛ բյուջետային ռիսկերը։
Ֆինանսների նախարարությունը փաստաթղթում արձանագրել է, որ
«Նախագծին կից հիմնավորումներում բացակայում են պահանջվող գումարների հաշվարկները և դրանց հիմքում դրված մեթոդաբանությունը, մասնավորապես՝ կանխատեսված գերակատարումների ծավալների հաշվարկման սկզբունքները, միջոցառումների մակարդակով ձևավորված պարտավորությունների մանրամասները, շահառուների թվաքանակի փոփոխության ազդեցությունը պահանջվող ֆինանսական միջոցների վրա»։
Նախարարությունը նաև առաջարկել է նախ ներկայացնել համապատասխան հաշվարկներ ու վերլուծություններ՝ հասկանալու համար, թե ինչ տրամաբանությամբ են ձևավորվել լրացուցիչ ֆինանսավորման պահանջվող չափերը։


