Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կոչ է արել Իրանին դադարեցնել հարևան երկրների վրա իրականացվող հարվածները, հաղորդում է «Al Jazeera»-ն։
Միևնույն ժամանակ, խմբավորումն ընդգծել է, որ սատարում է ամերիկա-իսրայելական ագրեսիային հակազդելու Իրանի իրավունքը՝ օգտագործելով «միջազգային նորմերին ու օրենքներին համապատասխան բոլոր հնարավոր միջոցները»։
«Մենք կոչ ենք անում Իրանի մեր եղբայրներին չհարձակվել հարևան երկրների վրա և կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր երկրներին համագործակցել՝ այս ագրեսիան կանգնեցնելու և խաղաղությունն ու եղբայրական կապերը պահպանելու համար, քանի որ դրանք են նրանց միավորում», — մեջբերում է լրատվամիջոցը հատված «ՀԱՄԱՍ»-ի հայտարարությունից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:


