Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմարշավը չի հանգեցրել Վաշինգտոնի առանցքային ռազմավարական նպատակների իրագործմանը։ Cumhuriyet թուրքական թերթը նման եզրահանգման է գալիս հակամարտության հետևանքներին նվիրված վերլուծական հոդվածում։
Ըստ հոդվածի հեղինակի՝ ամերիկյան ռազմավարության գլխավոր սխալներից մեկը Իրանի ռազմական ներուժի թերագնահատումն էր։ Չնայած մի շարք օբյեկտներին և ենթակառուցվածքներին հասցված հարվածներին՝ երկրի հիմնական ցամաքային ուժերը պահպանել են մարտունակությունը։ Սա նշանակում է, որ ռազմական ճնշումը չի կարողացել էապես փոխել ուժերի հավասարակշռությունը։
Պարբերականը նշում է, որ հաջորդ սխալը սպասումներն էին, թե ռազմական գործողությունը ներքին բողոքի ալիք կբարձրացնի և կթուլացնի Թեհրանի իշխանությունը։ Սակայն արտաքին ճնշման և պատերազմի սպառնալիքի պայմաններում իրանական հասարակությունը, ընդհակառակը, պետության շուրջ համախմբվելու միտում է դրսևորել։
Հեղինակի կարծիքով՝ ամերիկյան և իսրայելական կողմերի գնահատականները ճիշտ չէին նաև Իրանի հրթիռային ներուժի հարցում։ Ենթադրվում էր, որ հրթիռների պաշարները արագ կսպառվեն, սակայն հարվածները շարունակվել են, ինչը կասկածի տակ է դրել հետախուզական նախնական կանխատեսումները։
Լրացուցիչ գործոն է դարձել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Դրա փակման ցանկացած սպառնալիք անմիջապես անդրադառնում է համաշխարհային էներգետիկ շուկաների վրա՝ բարձրացնելով նավթի գները և լուրջ տնտեսական ռիսկեր ստեղծելով արևմտյան երկրների համար։
Արդյունքում, եզրակացնում է թերթը, Վաշինգտոնը բարդ խնդրի առաջ է կանգնել. գտնել հակամարտությունից դուրս գալու քաղաքական ուղի՝ թույլ չտալով հետագա սրացում և միաժամանակ պահպանելով դեմքը միջազգային ասպարեզում։ Հարցը, թե կկարողանա՞ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել նման ռազմավարություն, մնում է բաց։


