Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Քեյր Սթարմերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Հայտարարությունն այնքան կարճ է, որ կարելի է ամբողջությամբ մեջբերել. «Վարչապետն այսօր երեկոյան զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Հորմուզի նեղուցի բացման կարևորությունը՝ համաշխարհային նավագնացության խափանումները վերացնելու համար, որոնք ամբողջ աշխարհում բարձրացնում են ծախսերը։ Վարչապետը ցավակցություն է հայտնել հակամարտության ընթացքում ամերիկացի զինծառայողների մահվան կապակցությամբ։ Նրանք համաձայնել են կապի մեջ մնալ»։
BBC-ի փոխանցմամբ՝ զրույցը տևել է 15 րոպե։
Իրանի հետ պատերազմի առաջին օրերին Թրամփը բազմիցս քննադատել է Սթարմերին՝ Լոնդոնի կողմից ԱՄՆ-Իսրայելական արշավին մասնակցելուց հրաժարվելու համար։ Սակայն, մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիան անվանել է այն երկրների շարքում, որոնք, իր կարծիքով, կարող են միանալ Հորմուզի նեղուցի բացման գործողությանը։


