ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել են այն մասին, որ Իրանի վրա հարձակումը կարող է պատասխան հարվածներ հրահրել Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ դաշնակիցների ուղղությամբ՝ չնայած նրա այն հայտարարություններին, թե Թեհրանի արձագանքն անսպասելի էր։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են ամերիկացի մի պաշտոնյա և ԱՄՆ հետախուզական զեկույցներին ծանոթ երկու աղբյուր։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ հետախուզության նախապատերազմական գնահատականները ցույց են տվել, որ Իրանի պատասխանը «երաշխավորված» չէ, սակայն այն «միանշանակ ներառված է հնարավոր սցենարների ցանկում»։
Նախօրեին Թրամփը երկու անգամ հայտարարել է, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի և Քուվեյթի ուղղությամբ Իրանի պատասխան հարվածներն անսպասելի են եղել։ Առաջին անգամ նա նման հայտարարություն էր արել Սպիտակ տանը՝ Քենեդիի կենտրոնի խորհրդի նիստի ժամանակ։
«Նրանք (Իրանը) չպետք է հարձակվեին Մերձավոր Արևելքի այլ երկրների վրա»,- ասել է նա։ «Ոչ ոք դրան չէր սպասում։ Մենք ցնցված էինք»։
Թրամփի հայտարարություններին հաջորդել են վարչակազմի այլ պնդումներ, որոնք չեն հաստատվել ԱՄՆ հետախուզության կողմից։ Մասնավորապես, խոսքն այն մասին էր, թե Իրանն իբր շուտով կունենա ԱՄՆ տարածքին հասնող հրթիռ և որ նրանից երկուսից չորս շաբաթ կպահանջվի՝ միջուկային ռումբ ստեղծելու և այն կիրառելու համար։
Այս պնդումները, ինչպես նաև Իրանի կողմից ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա ուժերի համար իբր սպառնացող անմիջական վտանգի մասին հայտարարությունները այն փաստարկների թվում էին, որոնցով Թրամփն ու նրա մերձավոր խորհրդականները հիմնավորում էին փետրվարի 28-ին Իրանի դեմ մեկնարկած օդային արշավին Իսրայելի հետ միանալու որոշումը։
Ըստ երկու այլ աղբյուրների՝ Թրամփին նախապես զեկուցել են նաև, որ Թեհրանը, ամենայն հավանականությամբ, կփորձի փակել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։
Անցյալ շաբաթ դեմոկրատ օրենսդիրները, վարչակազմի կողմից անցկացված ճեպազրույցներից հետո, հայտարարել են, որ չեն լսել որևէ անմիջական սպառնալիքի մասին, որը կպահանջեր պատերազմ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ նախքան պատերազմի սկսվելը Թրամփին զեկուցել են, որ Իրանին հասցվող հարվածները կարող են ավելի լայն տարածաշրջանային հակամարտություն հրահրել, ներառյալ Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքների դեմ Իրանի պատասխան գործողությունները՝ հատկապես, եթե Թեհրանը համարի, որ այդ պետությունները սատարում կամ հավանություն են տալիս ԱՄՆ-ի հարձակումներին։
Երկրորդ աղբյուրը հայտնել է, որ նախքան ամերիկա-իսրայելական հարձակումների սկսվելը ԱՄՆ հետախուզական հանրությունը գնահատել էր, որ Իրանի բարձրագույն ղեկավարությանը վերացնելու նպատակով հարվածներ հասցնելու Իսրայելի ծրագիրը, ամենայն հավանականությամբ, պատասխան գործողությունների կհանգեցնի ամերիկյան ռազմական և դիվանագիտական օբյեկտների դեմ։
Տարածաշրջանի մի շարք դեսպանատներից դիվանագիտական անձնակազմի տարհանումն սկսվել է միայն օդային հարվածների մեկնարկից հետո։
Հետախուզությունը նաև զգուշացրել էր, որ Իրանը «կարող է» ընդլայնել իր պատասխան գործողությունները՝ դրանք տարածելով տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա, հավելել է աղբյուրը


