Սաուդյան Արաբիայի իշխանություններն ստեղծված իրավիճակում նպատակահարմար են համարում Իրանի թուլացումը, բայց ոչ երկրի իշխող համակարգի փոփոխությունը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին։


«Էր Ռիադի տրամադրություններին ծանոթ զրուցակիցը նշել է, որ Սաուդյան Արաբիան չի ձգտում Իրանում վարչակարգի փոփոխության, սակայն թուլացած երկիրը բխում է թագավորության շահերից»,- տեղեկացնում է պարբերականը։


«Այս ամենն իր գինն ունի։ Բայց ինչ-որ առումով ուզում ես ասել, որ հիմա կանգ առնելու ժամանակը չէ. ավելի լավ է ևս մեկ հարված հասցնել»,- ասել է աղբյուրը։


Ավելի վաղ The New York Times-ի աղբյուրները պնդում էին, թե Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանն իբր Դոնալդ Թրամփին խորհուրդ է տալիս շարունակել Իրանին հասցվող հարվածները։ Ավելի ուշ «Ալ-Արաբիա»-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Մեկ այլ աղբյուր նշել է, որ Էր Ռիադն ու Թեհրանը կապ են պահպանում, սակայն ոչ ավելի, քան դեսպանների մակարդակով։ «Իրանի հետ լավ աշխատանքային հարաբերություններ զարգացնելու պատրանքն այլևս չկա»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Պարսից ծոցի երկրներում վրդովված են այն փաստից, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը տարածաշրջանը ներքաշել են հակամարտության մեջ։

Աղբյուրը հավելել է նաև, որ Էր Ռիադը ողջունում է պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի աջակցությունը և հնարավորինս շատ հակահրթիռներ է ստանում՝ հաշվի առնելով Պարսից ծոցի մյուս երկրների և Իսրայելի կողմից դրանց նկատմամբ առկա մեծ պահանջարկը։

FT-ն ընդգծում է, որ Սաուդյան Արաբիան Իրանի հարվածներից ավելի քիչ է տուժում, քան ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Կատարը. բացի այդ հատկանշանական է նաև այն, որ թագավորությունը ելք ունի դեպի Կարմիր ծով

Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիայի Էլ-Խարջ քաղաքում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազան պարբերաբար ենթարկվում է իրանական հարվածների։ Պարբերականը հիշեցնում է, որ ռազմական գործողությունների ձգձգումը վտանգում է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու իշխանությունների ծրագրերը։ Անցյալ շաբաթ աշխարհի խոշորագույն նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի ղեկավար Ամին Նասերը զգուշացրել էր, որ տևական հակամարտությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար։

Մտահոգության տեղիք է տալիս նաև այն հավանականությունը, որ դիմակայության մեջ կարող են ներքաշվել նաև Եմենի հուսիները, որոնց հետ Սաուդյան Արաբիան 2022 թվականից ի վեր երերուն զինադադար է պահպանում։