Հնդկաստանը հերքել է այն տեղեկատվությունը, որ Իրանի հետ բանակցում է փետրվարին կալանավորված երեք լցանավերին ազատելու հարցով։ Նշվել է, որ դրա դիմաց Իրանը պետք է թույլ տար հնդկական նավերին հանգիստ անցնել Հորմուզի նեղուցով։


Հնդկաստանի իշխանությունները իրենց տարածքային ջրերի մոտակայքում Իրանի հետ կապված երեք նավ են կալանավորել՝ հայտարարելով, որ դրանք թաքցրել կամ փոփոխել են իրենց նույնականացման տվյալները և ներգրավված են եղել բաց ծովում նավից նավ նավթի տեղափոխման անօրինական գործողությունների մեջ։


Reuters գործակալությունը երկուշաբթի օրը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, թե Իրանն իբր դիմել է Հնդկաստանին՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող նավերն ազատ արձակելու խնդրանքով։ Ըստ հաղորդման՝ դա արվել է Պարսից ծոցով և Հորմուզի նեղուցով հնդկական դրոշի ներքո հանդես եկող կամ դեպի Հնդկաստան ուղևորվող նավերի անվտանգ անցումն ապահովելու շուրջ ընացող բանակցությունների շրջանակում։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը այս տեղեկատվությունն անվանել է անհիմն։ «Նման բնույթի ոչ մի քննարկում չի եղել»,- հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ։ «Նաև կցանկանայի նշել, որ հիշատակված երեք նավերը չեն պատկանում Իրանին»։