Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին միջազգային հանրությանը կոչ է արել միավորվել և ընդդիմանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, իր բնորոշմամբ, «անարդար պատերազմին»։
Արաղչին իր X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նշել է, որ գնալով ավելանում են այն ձայները, այդ թվում՝ եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների շրջանում, որոնք հայտարարում են, որ Իրանի դեմ պատերազմը անարդար է։
«Ավելի շատ միջազգային դերակատարներ պետք է հետևեն այս օրինակին»,- գրել է նա՝ հավելելով, որ գլոբալ հետևանքների ալիքը դեռ նոր է սկսվում և այն կազդի բոլորի վրա՝ անկախ հարստությունից, կրոնից կամ ռասայից։
Իրանի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Քենթի հրաժարականի նամակին, որում վերջինս քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ՝ փետրվարի 28-ին Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո, որի ընթացքում զոհվել են նաև մի շարք բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական անձինք։
Հարվածները ներառել են լայնածավալ ավիահարվածներ Իրանի տարածքում՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներ, ինչը հանգեցրել է զգալի կորուստների և ենթակառուցվածքների լայնածավալ վնասների։
Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը իրականացրել են հակահարվածներ՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորելով ամերիկյան և իսրայելական դիրքերը ինչպես Իսրայելի տարածքում, այնպես էլ տարածաշրջանային ռազմաբազաներում։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի


