Այս պահին Իրանում պատերազմի հետ կապված խնդիր չունենք, իհարկե որոշ ապրանքներ, որոնք գալիս են Իրանից, դրանք որոշակի երկարատև ժամանակահատվածի համար գնաճային ճնշման կբերեն, որովհետև, օրինակ, վարորդը հրաժարվում է նախորդ սակագնով տեղափոխել, գործարանը հրաժարվում է ինչ-որ ժամերի, ենթադրենք, աշխատել։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս պահին մուտքի հետ կապված խնդիր չունենք, դեֆիցիտի խնդիր ըստ էության շատ չկա, ավելի շատ ինքնարժեքն է այնտեղ բարձրացել»,–ասաց նա։
Հարցին՝ դուք ձեր սխալների համար պատրա՞ստ եք պատասխան տալու, Պապոյանն ասաց. «Մենք միշտ ենք մեր սխալների համար պատասխան տալիս։ Ես կոնկրետ սխալ չունեմ։ Եթե սխալ գործեմ, կենթարկվեմ պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որևէ պաշտոնյա, որ սխալ գործի ու սխալի համար պատասխան չտա»։
Դիտարկմանը՝ եթե անսխալական նախարար եք, ինչո՞ւ է մեր էկոնոմիկայն այսքան վատ վիճակում, Պապոյանն արձագանքեց. «Էկոնոմիկան ախր շատ լավ վիճակում է։ 7.2% տնտեսական աճ աշխարհում մատների վրա հաշված երկրներում կա։ Փոխանակ հպարտանաք, թե ինչ արդյունքներ ունենք... Ասում եմ՝ էկոնոմիկան շատ լավ վիճակում է»։


