Մի քանի օրից կմեկնարկի Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքների երկրորդ փուլը։ Այս մասին մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարողականը։

Գործող ԱԷԿ-ի կյանքի երկարաձգման երկրորդ փուլով նախատեսվում է փոխարինել հովացման համակարգը։ Նոր համակարգի տեղադրման նպատակով շրջանակային համաձայնություն է ձեռք բերվել ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ։


Ինչ վերաբերում է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը, ապա նախարարի խոսքով՝ այն լինելու է մոդուլային տիպի։

«Կոնկրետ նախագծի ընտրությունը կկատարվի 2026 թվականի ընթացքում կամ, ամենաուշը, 2027-ի սկզբին»,- նշել է նախարարը։