Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայում հատուկ բանագնաց Թոմ Բերեքը հերքել է երեքշաբթի օրը տարածված այն լուրերը, թե ԱՄՆ-ն Սիրիային կոչ է արել զորք ուղարկել Արևելյան Լիբանան՝ «Հեզբոլլահ» շարժմանը զինաթափելու հարցում օգնելու համար:
X սոցիալական ցանցում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ այն տեղեկությունները, թե «ԱՄՆ-ն հրահրում է Սիրիային զորքեր ուղարկել Լիբանան, կեղծ են և սխալական»։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով իրազեկ հինգ աղբյուրների, հայտնել էր, թե ԱՄՆ-ն դրդում է Սիրիային դիտարկել հարևան երկիր զորք ուղարկելու հարցը: Սակայն, ըստ գործակալության, Դամասկոսը տատանվում է և չի ցանկանում նման առաքելություն ստանձնել՝ վախենալով ներքաշվել Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ և միջհամայնքային լարվածություն հրահրել:
«Reuters» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ այս հոդվածը գրելու համար դիմել է 10 աղբյուրի՝ սիրիացի վեց պաշտոնյայի և կառավարական խորհրդականի, երկու արևմտյան դիվանագետի, մի եվրոպացի պաշտոնյայի և արևմտյան հետախուզության մի աղբյուրի:
Ըստ հաղորդագրության՝ նրանք բոլորը հայտարարել են, որ Սիրիայի կառավարությունը զգուշորեն դիտարկել է անդրսահմանային գործողության հնարավորությունը, սակայն շարունակել է տատանվել: Արևելյան Լիբանանում սիրիական գործողությանը ԱՄՆ-ի աջակցության և այդ հարցում Սիրիայի տատանվելու մասին նախկինում չէր հաղորդվել: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել «մասնավոր դիվանագիտական հաղորդագրությունները»:


