«30 % սուբսիդավորում այլևս չի լինի, վերջնական սպառողի համար այն ժամանակ 30% փոխհատուցում կար, հիմա չի լինի»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկային և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը,-այս մասին գրում է Փաստինֆոն:

Բանն այն է, որ, ինչպես մեկնաբանեց նախարարը, «արտահանման հարկերը, որոնք կան ռուսական դաշտում, այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա: Դա կազմում է շուրջ 30 տոկոս: Այսինքն՝ Հայաստան ներկրվող գազը լինելու է ռուսական գազի գին գումարած տրանսպորտային ծախսերը, որը պետք են այն Հայաստան հասցնելու համար»

Իսկ այս հարկերից հայկական կողմն ազատվել է մաքսային միությանն անդամակցելու շնորհիվ:

Հիշեցնենք, գազի գնի թանկացումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, թե գազի գինը սուբսիդավորվելու է, և դրա շնորհիվ այն բնակչության համար կդառնա ոչ թե 270, այլ 189 դոլար: Իսկ թե ինչ գումարների հաշվին պետք է կատարվեր սուբսիդավորումը, կառավարությունն այդպես էլ չբացահայտեց, և հիմա, փաստորեն, այնպես է ստացվում, որ կառավարությունն այդ գլխացավանքից ազատվեց: Գազի գինը չսուբսիդավորվեց, բայց մնաց խոստացված 189 դրամը:

Ի դեպ, ռուսական կողմի հետ այս նոր պայմանագիրը, Արմեն Մովսիսյանի խոսքով, նախատեսվում է կնքել մինչև տարեվերջ: