Մոսկվան լրջորեն անհանգստացած է Պարսից ծոցի գոտում շարունակվող զինված բախումներով և սրման վտանգով, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Իրանում և հարևան արաբական երկրներում էներգետիկ և այլ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վնասի մասշտաբները մեծանում են։


Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք առաջացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով»,- ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Արտգործնախարարությունը նշել է, որ «Ռուսաստանը, Չինաստանի, Թուրքիայի և այլ նման մտածողությամբ երկրների հետ միասին, պատրաստ է նպաստել հակամարտության կարգավորմանը և առկա տարաձայնությունների լուծումների որոնմանը՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ տարածաշրջանում երկարաժամկետ հաստատուն կայունության հասնելու համար՝ հաշվի առնելով այնտեղ գտնվող բոլոր պետությունների շահերը»։

 

«Հետևողականորեն պաշտպանում ենք բարեկամ արաբական երկրների և Իրանի միջև խաղաղ, անվտանգ և բարիդրացիական համակեցության պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։
Ընդգծում ենք, որ այդ ճանապարհին առաջին քայլը պետք է լինի ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արկածախնդրությունից անհապաղ հրաժարվելը։

Այդ առումով ուշադրություն ենք հրավիրել 2026 թվականի մարտի 18-ին Օմանի Սուլթանության արտգործնախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ Բուսաիդիի՝ The Economist-ում հրապարակված կշռադատված և իմաստուն հոդվածի վրա։ Հոդվածում ներկայացված առաջարկները մեծապես համապատասխանում են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը հավասարակշռող անվտանգության համակարգ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ մեր տեսակետներին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

«Մենք կիսում ենք Օմանի նախարարի տեսակետները՝ տարածաշրջանում բանակցային գործընթաց սկսելու անհրաժեշտության վերաբերյալ՝ ատոմային էներգիայի ոլորտում վստահության ամրապնդման միջոցառումների և թափանցիկության, ինչպես նաև փոխադարձ անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնությունների հասնելու համար։

Մի քանի տարի շարունակ Ռուսաստանի Դաշնությունը առաջ է մղում Պարսից ծոցի տարածաշրջանի համար կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի համաձայնեցման նախաձեռնությունը, որն ուղղված է բոլոր ափամերձ երկրների միջև երկարատև խաղաղության և համագործակցային հարաբերությունների հաստատմանը։

Պատրաստ ենք շարունակել կառուցողական օգնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման և գոյություն ունեցող հակասությունների լուծման գործում՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով, դրանց թվում՝ ստեղծելով պայմաններ համատեղ ջանքերով՝ տարածաշրջանի բոլոր երկրների օրինական շահերի հավասարակշռության վրա հիմնված կայուն կարգավորում գտնելու համար»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։