Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գարնանային տոնի՝ Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին և Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Շնորհավորական ուղերձներում ընդգծվել է ԱՊՀ նշված պետությունների հետ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վստահություն է հայտնվել, որ նրանց հետ փոխշահավետ ու բազմակողմանի կապերը հետագայում ևս հաջողությամբ կզարգանան»,— ասված է հաղորդագրության մեջ։


Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղվել նաև Իրանի առաջնորդներին՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին և երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

«Վլադիմիր Պուտինը իրանցի ժողովրդին մաղթել է արժանապատվորեն հաղթահարել ծանր փորձությունները և ընդգծել է, որ այս դժվարին ժամանակաշրջանում Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ բարեկամն ու հուսալի գործընկերը»,— նշել են Կրեմլից։