Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարվածից 48 ժամից էլ պակաս ժամանակ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով այդ բարդ, հեռավոր պատերազմը սկսելու պատճառները, որին ամերիկացի առաջնորդը ժամանակին դեմ էր իր քարոզարշավի ընթացքում, հաղորդում է Reuters-ը։


Թրամփը և Նեթանյահուն հետախուզական ճեպազրույցներից գիտեին, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նրա հիմնական դաշնակիցները շուտով կհանդիպեն Թեհրանի իր նստավայրում, ինչը նրանց խոցելի կդարձնի երկրի վրա «գլխատման հարվածի» համար։


Սակայն, ըստ հեռախոսազրույցին ծանոթ երեք անձանց, նոր հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ հանդիպումը շաբաթ երեկոյից տեղափոխվել է շաբաթ առավոտ։ Այդ զանգի մասին ավելի վաղ չէր հաղորդվել։

Նեթանյահուն, որը վճռականորեն տրամադրված էր իրականացնել այն գործողությունը, որի մասին նա կոչ էր անում տասնամյակներ շարունակ, պնդել է, որ երբեք ավելի լավ հնարավորություն չի լինի սպանելու Խամենեիին, ինչպես նաև վրեժ լուծել Թրամփին սպանելու Իրանի նախորդ փորձերի համար, հաղորդում են աղբյուրները։ Դրանց թվում էր 2024 թվականին, երբ Թրամփը նախագահի թեկնածու էր, ենթադրաբար Իրանի կազմակերպած մահափորձի դավադրությունը։

Արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Պակիստանի քաղաքացու՝ Միացյալ Նահանգներում մարդկանց հավաքագրելու փորձի համար՝ որպես վրեժ Վաշինգտոնի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։

Զրույցի պահին Թրամփն արդեն հավանություն էր տվել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության գաղափարին, սակայն դեռևս չէր որոշել, թե երբ և ինչ հանգամանքներում կմիջամտի ԱՄՆ-ը, հաղորդում են աղբյուրները, որոնք խոսել են անանունության պայմանով՝ քննարկելու ներքին զգայուն հարցերը։

Ամերիկյան զինվորականները շաբաթներ շարունակ ամրապնդել էին իրենց ներկայությունը տարածաշրջանում, ինչը վարչակազմի շատերին ստիպել էր եզրակացնել, որ միայն ժամանակի հարց է, թե երբ է նախագահը որոշում ընդւոնելու գործողություններ ձեռնարկել։ Մի քանի օր առաջ հնարավոր ամսաթվերից մեկը չեղարկվել էր վատ եղանակի պատճառով։

Reuters գործակալությունը չի կարողացել պարզել, թե ինչպես են Նեթանյահուի փաստարկները ազդել Թրամփի վրա, երբ նա մտածում էր հարվածի հրամանը տալու մասին, սակայն այդ զանգն արդյունավետորեն Իսրայելի առաջնորդի եզրափակիչ փաստարկ է դարձել՝ իր ամերիկացի գործընկերոջ առջև։ Զրույցին ծանոթ երեք աղբյուրներ հայտնել են, որ իրենց կարծիքով՝ դա՝ Իրանի առաջնորդին սպանելու հավանականության նվազման մասին հետախուզական տվյալների հետ մեկտեղ, փետրվարի 27-ին ռազմական գործողությունը սկսելու հրաման տալու Թրամփի վերջնական որոշման կատալիզատորն էր։

Նեթանյահուն պնդել է, որ Թրամփը կարող է պատմություն կերտել՝ օգնելով հեռացնել Իրանի ղեկավարությանը, որը երկար ժամանակ արհամարհված էր Արևմուտքի և շատ իրանցիների կողմից։ Նա շեշտել է, որ իրանցիները կարող են նույնիսկ փողոց դուրս գալ՝ տապալելով այն թեոկրատական ​​համակարգը, որը կառավարում է երկիրը 1979 թվականից ի վեր և այդ ժամանակից ի վեր համաշխարհային ահաբեկչության և անկայունության հիմնական աղբյուր է եղել։