Մոսկվան չգիտի, թե որքանով են հավաստի Մերձավոր Արևելքի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից իբր պատրաստված ծրագրի մասին լուրերը։ Թեհրանը նման տեղեկատվություն չի փոխանցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS-ը։
«Ո՛չ, մեր իրանցի բարեկամները նմանատիպ տեղեկատվություն մեզ չեն փոխանցել», — պատասխանել է Պեսկովը հարցին, թե արդյոք Թեհրանը Մոսկվային տեղյակ պահե՞լ է նման փաստաթղթի մասին։ — «Մենք չգիտենք, թե որքանով են հավաստի այդ հաղորդումները»։
Նա հիշեցրել է ուկրաինական կարգավորման շուրջ «պլանների հաճախակի փոփոխությունների և տարբեր կետերից բաղկացած նախագծերի շրջանառության» մասին։ Կրեմլի ներկայացուցիչը նկատել է, որ կարելի է բազմաթիվ զուգահեռներ անցկացնել այդ հրապարակումների միջև։
«Մենք չգիտենք, թե դրանք որքանով են հավաստի։ Չգիտենք՝ դա ընդհանրապես համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Հիմա տեղեկատվությունն այնքան շատ է, և դրա առյուծի բաժինը բացարձակ սուտ է, քանի որ պաշտոնական աղբյուրներից դեռ որևէ հաստատում չկա, հնարավոր չէ որևէ եզրակացություն անել», — եզրափակել է Պեսկովը։
Ավելի վաղ մի շարք ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցներ հայտնել էին կրակի դադարեցման վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագրի առաջադրման մասին։
Ուշ երեկոյան Associated Press գործակալությունը, հղում անելով Իսլամաբադի իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ն ծրագիրը փոխանցել է Իրանին։


