Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չի տրամադրվի։ Այսօր՝ մարտի 25–ին, Հայաստանի ԱԺ–ն 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայնով 2–րդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։
Ձեռնպահ քվեարկած երեք պատգամավորներն էին Հակոբ Ասլանյանը, Հովիկ Աղազարյանը և Գեղամ Նազարյանը։
Նախագծի 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ ՀՀ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանը վստահեցրեց, որ օրենքի այս փոփոխությունները եկեղեցու դեմ չեն, այլ ընդամենը կարգավորելու են հողային սեփականության հարցերը։
Հիշեցնենք, որ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն առաջարկում է հողերը ՀԱԵ–ին տրամադրել միայն օգտագործման իրավունքով։


