Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը չորեքշաբթի հայտարարել է, որ «պատրաստ է առաջ շարժվել» նավթի լրացուցիչ պաշարների բացթողման հարցում, «եթե և երբ դրա անհրաժեշտությունը լինի»։ Այս մասին հայտնում է AFP-ն։


Բիրոլն այս մասին հայտարարել է Տոկիոյում՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի խնդրանքից հետո, ով կոչ էր արել «պատրաստվել պաշարների լրացուցիչ բացթողմանն այն դեպքում, եթե Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիճակը ձգձգվի»։


Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, ՄԷԳ-ը հայտարարել էր, որ անդամ երկրներն իրենց պահուստներից 400 միլիոն բարել նավթ կհատկացնեն՝ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքները մեղմելու համար։ Սա կլինի նմանօրինակ ամենամեծ բացթողումը պատմության մեջ։

«Մեր պաշարների 80%-ը դեռևս տեղում է։ Այդ 400 միլիոն բարելը կազմում էր մեր պահուստների միայն 20%-ը։ Եթե և երբ դրա անհրաժեշտությունը լինի, մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց ես մեծապես հույս ունեմ, որ դրա կարիքը չի լինի։ Աշխարհը բախվում է էներգետիկ անվտանգության լուրջ սպառնալիքի, սակայն Միջազգային էներգետիկ գործակալությունը պատրաստ է առանցքային դեր խաղալ գլոբալ էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,- ասել է ՄԷԳ ղեկավարը։

Ճապոնիան 95%-ով կախված է Մերձավոր Արևելքից նավթի ներկրումից։ Անցյալ շաբաթ երկիրը սկսել է օգտագործել մասնավոր հատվածի նավթի 15-օրյա պաշարները, իսկ հինգշաբթի օրվանից կսկսի օգտագործել պետական պահուստները։ Տակաիտին նաև հայտնել է, որ մինչև ամսվա վերջ Տոկիոն նախատեսում է օգտագործել երկրի տարածքում գտնվող արտադրող երկրների համատեղ պաշարները։

Ճապոնիայի նավթային ասոցիացիայի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Քուվեյթը նավթը համատեղ պահում են Ճապոնիայում։ Սովորական պայմաններում համատեղ պահվող հում նավթն օգտագործվում է առևտրային նպատակներով, սակայն արտակարգ իրավիճակների դեպքում ճապոնական նավթային ընկերություններն ունեն գնման նախապատվության իրավունք։