ԱԺ–ում այսօր՝ մարտի 25–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերումներ արեց Հայոց պատմության երրորդ հատորից, որը հրատարակվել է 2015–ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից։

«Գրքի հեղինակները հղում են անում Լեոյին և նշում. «Վավերագրերի և մտքերի համակցման կուռ տրամաբանության լեզվով նա՝ Լեոն, ներկայացնում է աշխարհի վերաբաժանման նոր գաղութների նվաճման համար գոտեմարտի բռնված տերությունների դիվանագիտական խարդավանքները հայկական հարցում։

Ժամանակի քննությանն են դիմացել պատմաբանի այն մտքերը, թե մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր Օսմանյան կայսրության գլխին մտրակը ճոճելու, նրա ներքին գործերին միջամտելու համար։

Խոսուն փաստերով նա բարձրացնում է վարագույրն այն նենգությունների, որոնցով նույն այդ տերությունները 1890-ական և 1915-16 թվականներին արևմտահայությանը ոչ միայն չպաշտպանեցին թուրք բարբարոսներից, այլև իրենք անմիջական մասնակիցը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանության»։

Հասկանու՞մ եք, սա գրված է։ Ընդհանրապես պատմաբանության հետ կապված շատ վեճեր կան, բայց ես ուզում եմ այս հատորյակի հեղինակներին, ով որևէ մասնակցություն է ունեցել, շնորհակալություն հայտնել, որովհետև, որովհետև փաստերը շարադրված են ճշգրիտ և թողնված է շատ կոնկրետ հնարավորություն հետևություններ անհելու»,–ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե խաղաղության համար երաշխավոր է պետք, Փաշինյանն ասաց. «Երաշխավորի մասին խոսակցությունն այն մասին է, որ այս խաղաղությունը մերը չի, մեկը թող գա, այս խաղաղությանը տեր կանգնի, ո՞վ կա, ո՞վ է ուզում խաղաղության տեր կանգնի։

Դրա համար է, որ մենք ասում ենք՝ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունը մերն է, մեր ժողովուրդն է իր տառապանքների և զոհերի գնով այս խաղաղությանը հասել։

Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք ով է, Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտե՞ք ով է դերակատարում ունեցել՝ Թուրքիան։

Մենք 2020 թվին ունեցել ենք անվտանգության երաշխավոր՝ ՀԱՊԿ–ը, և այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց։ Չեք հավատում, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք Բաքվում արած իր պաշտոնական, թե պետական այցի ընթացքում։

Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են՝ ո՞նց, էս ու՞ր եք գնում, մի րոպե»,–հայտարարեց Փաշինյանը։