Իրանական հրթիռները ճեղքում են իսրայելական պաշտպանությունը, ինչը կասկածներ է առաջացնում որսիչների արդյունավետության վերաբերյալ, գրում է The Washington Post-ը։

Իսրայելական ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի նկատմամբ վստահությունը խաթարվել է։ Շաբաթ երեկոյան, մոտ երեք ժամ ընդմիջումով տեղի ունեցած միջադեպերի արդյունքում, իրանական հրթիռները հարվածել են Արադին և Դիմոնային։ Իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 115 մարդ ստացել է վնասվածքներ, որոնցից 11-ը՝ ծանր։


Իսրայելական զինվորականները չեն պարզաբանել, թե ինչն է սխալ ընթացել։ Հարվածները հարցեր են առաջացրել այն մասին, թե արդյոք Իսրայելը չունի որսիչ հրթիռների պակաս, և վերակենդանացրել են մտավախությունները, որ զինվորականները ստիպված կլինեն խնայել թանկարժեք որսիչները՝ երկար ժամանակահատվածում կարևոր թիրախները պաշտպանելու համար։ Դիմոնան, որտեղ կարևոր միջուկային օբյեկտ է գտնվում, ենթադրաբար դասվում է հենց այդպիսի կարևոր թիրախների շարքին։


«Այն մտավախությունները, որ Իրանը կուտակում է հրթիռային զինանոց, որն ընդունակ է հաղթահարել իսրայելական պաշտպանությունը, դարձել են այն հիմնական գործոններից մեկը, որոնք դրդել են վերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները», - հայտարարել են Իսրայելի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները։

Պաշտոնատար անձանց փոխանցմամբ՝ հունիսյան 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի հրթիռների պաշարները զգալիորեն կրճատվել են՝ մոտ 3000 միավորից նվազելով մինչև 1500-ից պակասի, քանի որ Իրանը հրետակոծում էր իսրայելական թիրախները, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ էր հասցնում հրթիռային մարտկոցներին և արձակման կայանքներին։

Սակայն, իսրայելցի պաշտոնյաների խոսքով, Իրանն արագորեն վերականգնել է հրթիռների արտադրությունը և մինչև այս պատերազմի սկիզբը կրկին ունեցել է մինչև 2500 հրթիռ։

Իրադարձությունների զարգացման տեմպերը անհանգստացրել են անվտանգության համար պատասխանատու իսրայելցի պաշտոնյաներին։ Իսրայելի պաշտպանական համակարգը «ունակ չէ դիմակայել 3000-ից 5000 հրթիռի», - հայտարարել է Իսրայելի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: