Միֆ է, թե Ղարաբաղում մինչև վերջ կռվել են։ Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականի դեպքերից հետո (Լեռնային Ղարաբաղում – խմբ․) տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները, և պնդումները, թե կռվել են և այլն, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։
Փաշինյանը հավելել է, որ, հետախուզության տվյալներով, սպառազինության առյուծի բաժինը (80-90%-ը) անձեռնմխելի է մնացել։ Նա առասպել է անվանել այն խոսակցությունները, թե մինչև վերջ մարտեր են մղվել։ «Իմիջիայլոց, կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծենք։ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ։ Սուտ է, չեն կռվել, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են, - նշել է կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նույնպես «ճողոպրել են» որոշակի պլանի շրջանակներում, որպեսզի դա ներկայացվի որպես Հայաստանի իշխանությունների դավաճանություն և այդ ֆոնին իշխանափոխություն իրականացվի։ «Բայց նրանք չէին կարող դա անել, քանի որ չէին ներկայացնում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովուրդներին։ Նրանք լեգիտիմություն չունեին», - նշել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ մինչ այդ իշխանությունները պայմաններ էին ստեղծել, որպեսզի քաղաքական գործընթաց տեղի ունենա, իսկ Ղարաբաղի ղեկավար շրջանակների որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտել են դրան, այլև իրականացրել են իշխանափոխություն, ինչի կապակցությամբ Հայաստանի խորհրդարանում միմյանց շնորհավորում էին՝ հակառակ գնահատականներին և զգուշացումներին։
«Ընդամենը մի շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան։ Այն, ինչ որ արեցին Ղարաբաղում՝ հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։ Այդ մարդիկ, ընդ որում, նրանց մի մասը Հայաստանի իշխող շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին, բառիս բուն իմաստով՝ նրանք փախան Ղարաբաղից։ Ընդ որում՝ ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք և թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա։ Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ, եթե դուրս եկաք՝ իմացեք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու», - նշել է Նիկոլ Փաշինյանը։


