Մարտի 27-ի գիշերն ուկրաինական անօդաչուները զանգվածային գրոհ են ձեռնարկել Լենինգրադի մարզի դեմ, տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։ «Գրոհը հետ մղելիս ոչնչացվել է 36 անօդաչու թռչող սարք։ Նախնական տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում՝ չնշելով, թե արդյոք վնասվել է որեւէ օբյեկտ գրոհի հետեւանքով։ Ականատեսների տեսանյութերի համաձայն, որոնք վերլուծել է ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ ալիքը, պայթյուններ են որոտացել Պրիմորսկի եւ Ուստ Լուգայի նավահանգիստների շրջանում։ Հարվածների հետեւանքների մասին տվյալներ չկան։

Սա շաբաթվա սկզբից Ռուսաստանի Բալթյան նավահանգիստների դեմ երրորդ գրոհն է։ Ավելի վաղ դրանց հարվածներ էին հասցվել մարտի 23-ին եւ 25-ին։ Պրիմորսկը եւ Ուստ Լուգան Ռուսաստանի Բալթիկ ծովի խոշորագույն նավթային նավահանգիստներն են։ Դրանք մշակում են ռուսական նավթի արտահանման մոտ 40 տոկոսը կամ օրական մոտ 2 միլիոն բարել։ Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկու նավահանգիստներն էլ դադարեցրել են նավթի առաքումները դեռեւս մարտի 25-ին։ Աղբյուրը նշել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները ռուսական նավթային ենթակառուցվածքին բարդացնում են Մոսկվայի շահույթ ստանալու կարողությունը Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի պատերազմի հետեւանքով առաջացած համաշխարհային էներգետիկ ճգնաժամից։

Լենինգրադի մարզի դեմ անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո Պուլկովոյի օդանավակայանը ինքնաթիռների մեկնումների եւ ժամանումների սահմանափակումներ է մտցրել։ Արդյունքում՝ գիշերը հետաձգված եւ չեղարկված չվերթների թիվը գերազանցել է 60-ը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՀՕՊ ուժերը գիշերը «խոցել եւ ոչնչացրել» են ուկրաինական 85 ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, անօդաչու թռչող սարքերը նկատվել են Բրյանսկի, Լենինգրադի, Վոլոգդայի, Սմոլենսկի, Բելգորոդի, Կուրսկի, Պսկովի եւ Մոսկվայի մարզերի, ինչպես նաեւ օկուպացված Ղրիմի եւ Սեւ ծովի երկնքում։