Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կաբինետի անդամների հետ մասնավոր զրույցներում հետաքրքրվել է, թե արդյոք պետք է փոխարինել Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդին։ Նա իր դժգոհությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Գաբարդը հովանավորել է իր նախկին տեղակալին, ով հարվածի տակ է դրել Իրանի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ Թրամփի փաստարկները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։


Ինչպես հայտնել են աղբյուրները, Գաբարդի նկատմամբ Թրամփի կասկածներն առաջացել են անցյալ ամիս Կապիտոլիումում համաշխարհային սպառնալիքների հարցերով լսումների ժամանակ նրա ունեցած ելույթից հետո, որտեղ նա հրաժարվել էր դատապարտել մի քանի օր առաջ հրաժարական տված Ջո Քենթին։ Վերջինս հայտարարել էր, թե Իրանը ԱՄՆ-ի համար անմիջական սպառնալիք չի ներկայացնում։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Քենթի հրաժարականի բնույթը և պատերազմի վերաբերյալ նրա քննադատությունն արդեն իսկ զայրացրել էին Թրամփին, սակայն նա առանձնակի դժգոհություն է հայտնել այն բանի համար, որ Գաբարդը պաշտպանել է Քենթին և դժկամություն է դրսևորել՝ Իրանի վրա հարձակվելու հարցում վարչակազմի դիրքորոշումը պաշտպանելու վերաբերյալ։