Ֆրանսիան, Չինաստանը եւ Ռուսաստանը փաստացի խափանել են արաբական երկրների փորձը՝ ստանալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի թույլտվությունը՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, Հորմուզի նեղուցը վերաբանալու նպատակով, հաղորդել է The New York Times-ը։
Պարսից ծոցի արաբական պետությունների աջակցությամբ Բահրեյնի մշակած բանաձեւի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել ուրբաթ օրը։ Բայց դեռեւս պարզ չէ, թե արդյոք կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին եւ Ֆրանսիային ներգրավել մասնակցության։
Այս երեք երկրները Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ ունեն վետոյի իրավունք։ Դիվանագետի եւ ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Փարիզը, Մոսկվան եւ Պեկինը դեմ են ռազմական ուժի կիրառումը թույլատրող ցանկացած ձեւակերպման։
Բացի այդ, աղբյուրները հայտնել են, որ բանաձեւի շուրջ տարաձայնություններ են առաջացել նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամների շրջանում։
Փաստաթղթի ներկա նախագիծը չորրորդ խմբագրությունն է անցնում՝ մի քանի շաբաթ ծ փակ դռների հետեւում անցած բանակցություններից հետո։ Տեքստի այն հատվածում, որը փակուղի է առաջացրել, նշվում է, որ Անվտանգության խորհուրդը լիազորում է անդամ պետություններին օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Հորմուզի նեղուցը փակելու փորձերը կանխելու եւ անցումն ապահովելու համար։ Միեւնույն ժամանակ, Իրանը հստակեցրել է, որ մտադիր է շարունակել վերահսկել նավագնացությունը Հորմուզի նեղուցով նույնիսկ պատերազմից հետո։


