Հորմուզի նեղուցի վերաբերյալ կոնֆերանսի մասնակիցները քննարկում են Մերձավոր Արեւելքում նավագնացության լիարժեք վերականգնման պահեստային պլանը, եթե Միացյալ Նահանգները դուրս գա Իրանի հետ հակամարտությունից՝ առանց նեղուցի վերաբերյալ որոշման։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։


Աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի դաշնակիցները ցանկացել են ցուցադրել միասնություն եւ ապահովել նավագնացության վերականգնման հարցը ԱՄՆ-Իրան ապագա բանակցություններում՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցի հարցը պետք է լուծեն այն երկրները, որոնք այն օգտագործում են նավթի փոխադրման համար։

Համաժողովը, Մեծ Բրիտանիայի նախագահությամբ, տեղի է ունեցել տեսակապով։ Մասնակցել է ընդհանուր առմամբ 41 երկիր։ Նրանց առաջնորդները եկել են այն եզրակացության, որ մտադիր չեն դիմել ռազմական միջոցների, մինչեւ հրադադարի հաստատումը։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը համաժողովից հետո հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ մասնակիցները մերժել են Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելու Իրանի գաղափարը։

Իրանի իշխանությունները ավելի վաղ որոշել էին փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի եւ իսլամական հանրապետության դեմ ագրեսիային աջակցող երկրների հետ կապված նավերի համար: Հակամարտության ընթացքում մի քանի լցանավեր գրոհի են ենթարկվել առանց Թեհրանի թույլտվության նեղուցով անցնելու համար: Մարտի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանը թույլ է տվել բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրաքին, Չինաստանին եւ Պակիստանին, անցնել Հորմուզի նեղուցով: Ավելի ուշ Իրանի մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին հայտնել էր, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերը վճարելու են՝ համաձայն երկրում շուտով ընդունվելիք նոր օրենքի: