ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ ապրիլի 6-ը հռչակվել է Սպորտի միջազգային օր։ 2013 թվականից տարբեր երկրներում նշվում է այդ օրը՝ հանուն զարգացման և խաղաղության։
Ի նշանավորումն Սպորտի միջազգային օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապրիլի 6-ին կազմակերպում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային և Երևան քաղաքի փուլը։
Միաժամանակ, օրվա շրջանակում ԿԳՄՍ, Առողջապահության, Ներքին գործերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ կանցկացվեն մի շարք այլ միջոցառումներ՝ բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ, ցուցադրական ելույթներ՝ մայրաքաղաքը վերածելով իրական բացօթյա «մարզադաշտի»։
ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցների սաները Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 14:00-18:00-ն կանցկացնեն վոլեյբոլի, սուսերամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, սամբոյի, բադմինթոնի, կարատեի, թաեքվոնդոյի, մարմնամարզության և բասկետբոլի ցուցադրական մրցելույթներ և սպորտային խաղեր։ Մասնակիցներն ու այցելուները հնարավորություն կունենան զգալու սպորտային միջավայրի ոգին՝ դառնալով տոնական մթնոլորտի ակտիվ մասնակիցը։ Միջոցառումները լինելու են ինտերակտիվ՝ ներգրավելով բոլոր ցանկացողներին:
Միջոցառումներ են նախատեսված նաև Ազատության հրապարակում, «Այգի» բիզնես կենտրոնի բակային հատվածում: Օրվա շրջանակում սպորտային մրցումներ և ցուցադրական ելույթներ կանցկացվեն մարզերում:


