«Փակ շուկայում» գործող սուպերմարկետում երեկ ամբողջ օրը շարունակվում էր հացի ու լավաշի ակցիան։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Հիշեցնենք, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փակ շուկա» սուպերմարկետում երեկվանից հաճախորդներին անվճար երեքական լավաշ ու հաց են բաժանել։

Սուպերմարկետի թոնրատան աշխատակիցները մեր թղթակցին ասել են, որ հնարավոր է՝ ակցիան շարունակվի եւս 1-2 օր։

Հացթուխները լրագրողին հայտնել են, որ ակցիան իրականացվում է ոչ թե «Փակ շուկայի» կամ Սամվել Ալեքսանյանի անունից, այլ Բաղրամյանի ալրաղաց գործարանի, որը նույնպես պատկանում է Ալեքսանյանին։

Վերջինս գիտակցելով, թե ոչ, իր այս «բարեգործությամբ» դեմպինգ է իրականացնում (Դեմպինգը ապրանքների վաճառքն է՝ արհեստականորեն իջեցված, երբեմն էլ՝ ապրանքի ինքնարժեքից ցածր գներով)։

Եվ եթե ակցիան մի քանի օր էլ շարունակվի, ապա հացի վաճառքով զբաղվող շրջակա խանութները հանգիստ կարող են փակվել», - գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):