Ապրիլի 6-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի հարավի խոշորագույն նավթային տերմինալում՝ «Շեսխարիսում»։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով NASA-ի արբանյակային լուսանկարներին, որոնցում հրդեհի օջախներ են արձանագրվել Նովորոսիյսկի նավահանգստի տարածքում։
Տերմինալը գործում է «Տրանսնեֆտի» կազմում և հանդիսանում է ընկերության՝ երկրի հարավում գտնվող խողովակաշարերի վերջնակետը։ Դրա հզորությունը կազմում է օրական շուրջ 1 միլիոն բարել, ինչն ապահովում է Ռուսաստանի ծովային նավթային արտահանման մինչև 20%-ը։ Սա արդեն երրորդ հարձակումն է օբյեկտի վրա. նախորդ հարվածները հասցվել էին 2025 թվականի նոյեմբերին և 2026-ի մարտի 2-ին։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հաստատել է Նովորոսիյսկի վրա անօդաչուների հարձակումը՝ հիշատակելով բնակելի տների և մի քանի ձեռնարկությունների վնասման մասին, սակայն ոչ մի տեղեկություն չի հայտնել «Շեսխարիսի» վերաբերյալ։ Մինչդեռ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը վկայում են տերմինալին հասցված ուղիղ հարվածի մասին։
Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինան զանգվածային հարվածներ է հասցնում ռուսական նավահանգիստներին և նավթային տերմինալներին։ Հիմնական թիրախներն են դարձել Բալթիկ ծովի Ուստ-Լուգա և Պրիմորսկ նավահանգիստները։ Bloomberg-ի հաշվարկներով՝ մարտի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի նավթի ընդհանուր արտահանումը կտրուկ նվազել է 43%-ով՝ օրական 4,07 միլիոն բարելից հասնելով 2,32 միլիոնի։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի եկամուտ է կորցրել նավթի վաճառքից։ Financial Times-ը, հղում անելով Argus-ի տվյալներին, հայտնում է, որ մարտ ամսվա հարձակումներից հետո Ուստ-Լուգայից նաֆթայի (նավթամթերքի տեսակ) արտահանումը կրճատվել է շուրջ 70%-ով։


