Վերաքննիչ քրեական դատարանում երեկ շարունակվել է թրաֆիքինգի համար մեղադրվող 42-ամյա Լուսինե Ներսիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Թերթը գրում է, որ նմանօրինակ հանցանքի մեջ մեղադրվող հայ կանանց մեջ Լ. Ներսիսյանն առանձնանում է նրանով, որ թրաֆիքինգի է ենթարկել նաև մի անչափահաս աղջկա` իր դստեր ընկերուհուն, ով գտվել է սոցիալական ծանր վիճակում: Նախաքննական մարմնի կողմից նրան մեղադրանք էր առաջադրվել 3 դրվագով:

Անչափահաս` 17-ամյա Մարիամի դրվագով մեղադրանք է առաջադրվել` երեխային հավաքագրելու, Թուրքիա տեղափոխելու, սեռական շահագործման ենթարկելու համար, չափահաս Էլմիրայի դրվագով` երկու և ավելի անձանց թրաֆիքինգի համար, իսկ չափահաս Կարինեի դրվագով` երկու և ավելի անձանց թրաֆիքինգի համար, որը կատարվել է ՀՀ պետայկան սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. դեկտեմբերի 18-ի դատավճռվ Լ. Ներսիսյանը մեղավոր է ճանաչվել միայն Էլմիրայի ու Մարիամի դրվագներով, Կարինեի դրվագով արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով և նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 8 տարի ժամկետով : Լ. Ներսիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում և վերաքննիչ բողոքով նա և իր շահերի պաշտպանը խնդրել են արդարացման դատական ակտ կայացնել: Գրում է`ժամանակ օրաթերթը:

Իսկ մեղադրողն իր բողոքով խնդրել է բեկանել դատավճռի` արդարացման մասը, Լ. Ներսիսյանին մեղավոր ճանաչել նաև Կարինեի դրվագով ու դատապարտել 9 տարվա ազատազրկման: