ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք աոայժմ չեն հրապարակվում:
«Հայկական ժամանակ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին: ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն, Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նախագահական նստավայրից առաջարկվում է իջեցնել այդ 10 տարվա ցենզը: Սույն տեղեկությունը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Հժ» թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ առաջարկվել է իջեցնել 10 տարվա շեմը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Եվ ոչ միայն 10 տարվա շեմը (...)»: Սույն առաջարկը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ուղարկել անձամբ Վիգեն Սարգսյանը:
Ի՞նչ նպատակով է արվում սույն փոփոխությունը և ո՞ւմ համար:
Թերթը գրում է, որ մոտ երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Սեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Արմեն Սարգսյանը, փաստորեն, երրորդ անգամ նշանակվեց նույն պաշտոնում: Ինչպես հայտնի է, նա վաղուց Հայաստանում չի բնակվում: Միջազգային կոնվենցիաների համաձայն, սակայն, տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք: Այսինքն, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք և հետևաբար, դեսպանն էլ՝ այդ տարածքի, այսինքն, ՀՀ բնակիչ: Արդյո՞ք Արմեն Սարգսյանի համար է իջեցվում 10 տարվա շեմը: Իշխանության վերին օղակներում արդեն տևական ժամանակ քննարկվում է Արմեն Սարգսյանին, նախ ՀՀ վարչապետ, այնուհետև ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: