Միչիգանի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման գործում առանցքային դեր կարող են խաղալ երկու ֆերմենտներ՝ G6PD-ն և ME1-ը։ Դրանց ակտիվության նվազումը խաթարում է NADPH մոլեկուլի արտադրությունը, որը նորմալ պայմաններում պաշտպանում է բջիջները օքսիդացիոն վնասումից։ Աշխատությունը հրապարակվել է Nature Metabolism ամսագրում։


Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հաճախ զարգանում է մի վիճակից, որը կոչվում է ացինար-ծորանային մետապլազիա. բորբոքման կամ վնասվածքի ազդեցությամբ բջիջները փոխում են իրենց կառուցվածքը և սովորաբար հետագայում վերականգնվում են, սակայն ուռուցքածին (օնկոգեն) մուտացիաների առկայության դեպքում այս գործընթացը կարող է հիմք դառնալ քաղցկեղի չարորակ դառնալու համար։


Մկների վրա կատարված փորձերի ընթացքում գիտնականները ցույց են տվել, որ երբ G6PD և ME1 ֆերմենտների ակտիվությունը նվազում է, բջիջներում մեծանում է օքսիդացիոն սթրեսը և ավելանում նախաքաղցկեղային օջախների թիվը։ Ընդ որում, մալիկ-ֆերմենտ 1-ի կորուստն ուղղակիորեն կապված է ուռուցքի հետագա ձևավորման հետ։ Նմանատիպ մոլեկուլային փոփոխություններ են հայտնաբերվել նաև մարդու ենթաստամոքսային գեղձի հյուսվածքներում։

Հատկանշական է, որ գլուտատիոն և N-ացետիլցիստեին հակաօքսիդանտները նախաքաղցկեղային փոփոխությունների զարգացումը կանխելու հատկություն են դրսևորել։ Հետազոտության հեղինակները կարծում են, որ վաղ փուլում նյութափոխանակության գործընթացների վրա ներազդելը կարող է հիմք հանդիսանալ ամենաագրեսիվ ուռուցքային հիվանդություններից մեկի կանխարգելման սկզբունքորեն նոր մոտեցումների համար։