Տարեվերջին արդեն միգուցե հնարավոր կլինի մեկնարկել նոր աղբավայրի կառուցման ծրագրի մրցույթային գործընթացը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավորական խորհրդակցության ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը։


Քաղաքապետ Ավինյանն արձագանքեց. «Աղբավայրի ասացի՞ք, ՎԶԵԲ–ի հետ այս ծրագիրը նոր աղբավայրի կառուցման մասի՞ն է։ Ես շատ մեծ հավանականությամբ տեսնում եմ, որ որևէ տեղ չի հանգելու այս ծրագիրը, որովհետև մեր նպատակը նոր աղբավայր կառուցելը չի, մեր նպատակը այն էր, որ մենք պետք է ունենանք աղբի վերամշակման նոր գործարան, որը պետք է ամբողջապես կլանի այն աղբը, որը հավաքվում է Երևան քաղաքում և ոչ միայն Երևան քաղաքում, նաև մերձակա մարզերում։


Եթե խնդիրը նոր աղբավայրի կառուցման մասին է, կարաք էլ չշարունակեք, մեր գործընկերներին ասեք՝ եկեք այս կետում կանգնենք, շնորհակալություն, ավել բան պետք չի։ Ես երբևէ չեմ ասել, որ մենք նոր աղբավայր ենք կառուցելու։ Մեր խնդիրը աղբի վերամշակման գործարան կառուցելն է։ Ես այս ձևակերպման հետ ունեմ անհամաձայնություն։

Եթե այս պրոցեսը որևէ կերպ չի աջակցում նրան, որ մենք կառուցենք վերջում աղբի վերամշակման գործարան, անիմաստ ռեսուրս չարժի ծախսել առհասարակ»։

Անետա Բաբայանը պարզաբանեց, որ նույնիսկ այն պարագայում, որ վերամշակման գործարանը կառուցվում է, այնուամենայնիվ որոշակի ծավալով սանիտարական աղբավայրի անհրաժեշտություն կա։

Ավինյանն արձագանքեց. «Եթե խնդիրը դրված է այնպես, որ մենք նոր աղբավայր ենք կառուցում, մենք նոր աղբավայր չենք կառուցում, մենք պետք է կոնսերվացնենք մեր եղած աղբավայրը, և պետք է ունենանք աղբի վերամշակման գործարան։ Եթե այս երկու պրոցեսները իրար փոխլրացնում են, խնդրեմ»։ Ես առաջին օրվանից պարզ, հայերենով ասել եմ՝ ժողովուրդ ջան, մենք այս զուգահեռ պրոցեսները անում ենք, որպեսզի հասկանանք, թե որ պրոցեսով ենք ավելի արագ հասնում կետին։ Եթե ինչ որ մի կետում այս պրոցեսները իրար միավորել կարող ենք, ես միայն ուրախ եմ, բայց մենք նոր աղբավայր չենք կառուցում։ Մենք պետք է կառուցենք աղբի վերամշակման գործարան։

Եղած աղբավայրը մենք ինչ-որ այդպես կառավարելի տեսքի բերել ենք առանց շատ խորքային պրոցեսների, և էլի կարանք շարունակենք իրեն կառավարելի պահել և հլը ինչ-որ բարելավումներ էլ անել։ Արդեն անունը դուրս չի գալիս։

Նոր աղբավայր, եթե կոչում ենք այն հատվածը, որտեղ նաև գտնվում է մեր աղբի վերամշակման գործարանը, խնդրեմ, այդտեղ խնդիր չունեմ, բայց հանկարծ չստացվի այնպես, որ մենք մի հատ նոր աղբավայր ենք կառուցում»։