Էներգետիկ ճգնաժամը, որում հայտնվել է Ասիան Իրանի պատերազմի պատճառով, կարող է ներառել նաև եվրոպական տարածաշրջանը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ):

«Իրանի պատերազմի հետևանքով առաջացած նավթային ճգնաժամն արդեն զգացվում է Ասիայում, և տնտեսագետներն ասում են, որ սա վկայում է այն բանի մասին, որ սպասվում է Եվրոպայի և Աֆրիկայի երկրների համար, որոնք նույնպես կախված են Մերձավոր Արևելքից ներկրվող ապրանքներից:


Ինչպես գրում է հրատարակությունը, հենց Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է առաջինը կանգնել նավթի ու գազի մատակարարումների լուրջ սահմանափակումների հետ։ Իրավիճակը սրվում է նրանով, որ տարածաշրջանի երկրներից շատերը ներքին էներգիայի ցածր պաշարներ ունեն։ Եթե նույնիսկ ԱՄՆ-ն Իրանում իր ռազմական գործողությունն ավարտի երեք շաբաթում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահը, դա չի նշանակում, որ Թեհրանն անմիջապես կբացի Հորմուզի նեղուցը։


Այս իրավիճակը վտանգավոր դրության մեջ է դնում Եվրոպային և աֆրիկյան շատ երկրների, նշում են հոդվածի հեղինակները։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ինքնին դժվար թե բախվի վառելիքի պակասի հետ:

Ավելի վաղ ասիական մի շարք երկրներ սկսել էին միջոցներ ձեռնարկել էներգետիկ ռեսուրսների խնայողության համար։ Հնդկաստանի իշխանությունները կրճատել են որոշ ձեռնարկությունների վառելիքի մատակարարումները: Բանգլադեշում բնական գազ օգտագործող որոշ գործարաններ փակվել են։ Ինդոնեզիայում վարորդների համար բենզինի օրական քանակի սահմանափակումներ են մտցվել։

«Հաջորդը կարող է լինել Եվրոպան. Եվրամիությունում բենզինի գները բարձրացել են 15%-ով, դիզելային վառելիքը՝ 30%-ով։ Բնական գազի գներն աճել են ավելի քան 50%-ով»,- գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ եվրոպական երկրները համեմատաբար քիչ հեղուկ բնական գազ (LNG) և հում նավթ են ներկրում Ծոցի երկրներից, սակայն ավիացիոն վառելիքի մատակարարման համար կախված են տարածաշրջանից։