Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև գտնվող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջափակման վտանգը, ինչպես նաև խոցված ամերիկյան կործանիչի օդաչուի փրկության գործողությունը (որն Իրանում ձախողված են համարում) ԱՄՆ-ին մղում են Թեհրանի հետ բանակցությունների։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքականության և անվտանգության ոլորտի իրանական աղբյուրին։
«Ներկա հանգամանքներում երկու հիմնական գործոն են Թրամփին մղում Իրանի հետ բանակցությունների՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը և Սպահանի գործողությունը։ Թրամփի վարչակազմն առավելագույն լրջությամբ է վերաբերվում ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակման սպառնալիքներին, հատկապես կոնկրետ օպերատիվ շարժումների բացահայտումից հետո», — մեջբերում է հեռուստաալիքը աղբյուրի խոսքերը։
Հեռուստաալիքի զրուցակիցը կարծում է՝ ԱՄՆ-ում հասկանում են, որ չեն կարող իրական հաջողության հասնել ո՛չ ցամաքում, ո՛չ էլ ծովում։


