Երկուշաբթի օրը Իրանը 10 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար։ Ինչպես հայտնում է The New York Times-ը, ծրագիրը փոխանցվել է բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի միջոցով։


Թեև առաջարկի բոլոր 10 կետերը հայտնի չեն, սակայն, իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների փոխանցմամբ, Իրանը պահանջում է՝ երաշխիքներ, որ այլևս չի ենթարկվի հարձակման, բոլոր պատժամիջոցների չեղարկում և Լիբանանում «Հեզբոլլահի» ուղղությամբ Իսրայելի հարվածների դադարեցում։

Փոխարենը Իրանը պարտավորվում է վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը և յուրաքանչյուր նավից 2 միլիոն դոլար տուրք գանձել, որը կկիսի հակադիր ափին տեղակայված Օմանի հետ։


Ծրագրի համաձայն՝ Իրանն իր մասնաբաժինը կուղղի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այս մոտեցումն առաջարկվում է որպես ուղղակի փոխհատուցման պահանջի այլընտրանք։

Իրանական պետական լրատվամիջոցները հստակեցրել են, որ իրենց երկրի ներկայացրած առաջարկի տեքստը «մերժում է հրադադարը» և «ընդգծում պատերազմի վերջնական դադարեցման անհրաժեշտությունը»։