Նավատերերը փորձում են հասկանալ, թե ինչ է ենթադրում ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը, որը կարող է ժամանակավորապես ապաշրջափակել Հորմուզի նեղուցը։ Սա հնարավորություն կտա Պարսից ծոցում հայտնված ավելի քան 800 նավերի դուրս գալ շրջափակումից, գրում է Bloomberg գործակալությունը։
Կենսական նշանակություն ունեցող ջրային ուղին գործնականում փակ էր այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածները ստիպեցին Իրանին խստացնել վերահսկողությունը, ինչը հանգեցրեց էներգամատակարարման աննախադեպ դեֆիցիտի։
Այնուհետև, երեքշաբթի երեկոյան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնաժամկետից մի քանի ժամ առաջ, կողմերը համաձայնության եկան հրադադարի շուրջ՝ բանակցությունների վերսկսման դիմաց։ Առանցքային մանրամասները դեռևս անորոշ են. Իրանը հայտարարում է, որ համաձայնել է երկշաբաթյա անվտանգ անցմանը (իր զինված ուժերի հետ համակարգմամբ և «տեխնիկական սահմանափակումների» շրջանակում), մինչդեռ Թրամփը հայտարարել է նեղուցի «լիակատար, անհապաղ և անվտանգ բացման» մասին։
Այնուամենայնիվ, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի նավատերերը նավագնացության վերսկսման հնարավորությունն ընդունել են թեթևացած, բայց միևնույն ժամանակ՝ զգուշավորությամբ:
Չորեքշաբթի օրը նեղուցի շրջանում շարժը գրեթե չի փոփոխվել, թեև մի քանի աղբյուրներ հայտնել են, որ իրենք զանգահարել են ապահովագրողներին ու անվտանգության հարցերով խորհրդատուներին, իսկ նավերը բերվել են սպասման ռեժիմի:
«Հրադադարը կարող է տարանցման հնարավորություններ ստեղծել, սակայն այն դեռևս լիակատար վստահություն չի ներշնչում ծովում, և մենք պետք է հասկանանք բոլոր հնարավոր պայմանները», - ասել է աշխարհի երկրորդ խոշորագույն կոնտեյներային փոխադրողի՝ AP Moller-Maersk A/S-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ տեղեկատվությունը դեռևս սահմանափակ է:
Տոկիոյում տեղակայված Nippon Yusen Kabushiki Kaisha ընկերությունը, որը նույնպես հանդիսանում է աշխարհի խոշորագույն նավագնացային ընկերություններից մեկը, հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին։
Վերջին վեց շաբաթվա ընթացքում աշխարհի ամենածանրաբեռնված էներգետիկ մայրուղիներից մեկով իրականացվող շարժը հասել է նվազագույնի։
«Անհնար է վերականգնել համաշխարհային տրանսպորտային հոսքերը 24 ժամվա ընթացքում», - կարծում է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի Պաշտպանության և անվտանգության ինստիտուտի դոցենտ Ջենիֆեր Պարկերը: «Լցանավերի տերերը, ապահովագրողները և անձնակազմերը պետք է հավատան, որ ռիսկն իսկապես նվազել է, այլ ոչ թե պարզապես դադարեցվել»։
Վերլուծական Kpler ընկերության տվյալներով՝ Պարսից ծոցում արգելափակված նավատորմի զգալի մասը էներգակիրներ տեղափոխող նավերն են։
Այս պահին այնտեղ կուտակված է հում նավթ և էկոլոգիապես մաքուր վառելիք տեղափոխող 426 լցանավ, ինչպես նաև հեղուկացված նավթային գազ (LPG) տեղափոխող 34 և հեղուկացված բնական գազ (LNG) տեղափոխող 19 նավ։
Մնացած նավերը տեղափոխում են չոր բեռներ, ինչպիսիք են գյուղատնտեսական կամ մետաղական արտադրանքները, կամ կոնտեյներները: Հրադադարի ծրագրերն անհրաժեշտ քայլ են, բայց միայն սկզբնական, նշել է Willis Towers Watson ապահովագրական բրոքերի Ասիայի ծովային փոխադրումների բաժնի ղեկավար Լյուիս Հարթը:
Թրեյդերներն ու նավատերերն այժմ ուշադիր հետևելու են, թե որ նավերն են սկսում իրենց ճանապարհը նեղուցով այս կամ այն ուղղությամբ և ինչպես են դրանք տեղաշարժվում:
Չորեքշաբթի առավոտվա դրությամբ ավելի քան 1000 նավ է սպասել երկու կողմերում՝ կուտակվելով Դուբայի և Օմանի ծոցում գտնվող Խոր Ֆաքանի շուրջ:


